Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում հայտարարել է հակամարտության երկարատև կարգավորման անհրաժեշտության մասին


ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում նա ասել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղում ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնագրից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։

Անն Լինդեն հայտարարել է հակամարտության երկարատև կարգավորման անհրաժեշտության մասին։

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության` Բայրամովն ասել է, թե եռակողմ համաձայնագրով Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանում պահվող գերիների մասին նա ասել է, թե նրանք Հայաստանի Շիրակի մարզից Ղարաբաղ են ժամանել եռակողմ համաձայնագրից հետո և, նրա խոսքով, Ադրբեջանի հանդեպ նրանց կատարած ահաբեկչական գործողությունների հետաքննությունը ընթացքի մեջ է։ Բայրամովը նաև ասել է, թե Հայաստանը շարունակում է զինվորներ ուղարկել Ղարաբաղ։

Անն Լինդեն նշել է, որ բոլոր գերիների վերադարձը կնպաստի գործընթացների մեղմացմանը։

ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումներն Ադրբեջանում ավարտվել են, այսօր նա ժամանում է Հայաստան։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 54-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

XS
SM
MD
LG