Չինաստանի կառավարությունը «ցեղասպանություն» է իրականացնում էթնիկ ույղուրների նկատմամբ` խախտելով ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան, պնդում է Վաշինգտոնում գործող Ռազմավարության և քաղաքականության «Նյուլայնզ» ինստիտուտի երեկ հրապարակած զեկույցը։
Անցած տարի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի դեմ՝ հիմնականում մահմեդական ավելի քան 1 միլիոն ույղուրներին և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին համակենտրոնացման ճամբարներում տեղակայելու համար, որոնք Պեկինը անվանում է վերակրթման և ուսումնական կենտրոններ: Պաշտոնավարումն ավարտեուց առաջ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարեսկզբին հայտարարել էր, որ Պեկինը Սինցզյանում ցեղասպանություն է գործում և մարդկության դեմ հանցագործություններ: Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն էլ երեկ ընդգծել է՝ նոր վարչակազմն առայժմ չի տեսել Չինաստանի կողմից որևէ քայլ, որը թույլ կտար փոխել այդ գնահատականը։
Ույղուրների մեծ մասը բնակվում է Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում։ Ըստ իրավապաշտպան կառույցների, պաշտոնական Պեկինը շարունակաբար բռնությունների և ճնշումների է ենթարկում նրանց՝ ստիպելով հրաժարվել իրենց կրոնից, լեզվից և մշակույթից: