Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի, և հույս է հայտնում, որ այն չի հանգեցնի լարվածության Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ և չենք միջամտում այդ գործընթացներին, և որևէ կողմի չենք աջակցում։ Ուզում ենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կայունանա, դրանից կշահեն բոլորը, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորումը», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Հարցին՝ կարո՞ղ է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը հանգեցնել Ղարաբաղում նոր սրացման, Ռուդենկոն արձագանքել է․ - «Մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, սխալ են հաշվարկում բոլոր հնարավոր սցենարները»։
Փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը շարունակական կապի մեջ է հայկական կողմի հետ՝ դեսպանատան և այլ խողովակների միջոցով։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Նույնպես այսօր առավոտյան նախագահականը հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։
Օնիկ Գասպարյանն էլ ուղերձ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ դատարանում վիճարկում է իր պաշտոնանկությունը։