Մատչելիության հղումներ

«Հավանաբար վարչապետ Փաշինյանին մոլորության մեջ են գցել», ՌԴ-ն անդրադարձել է «Իսկանդերի» թեմային


«Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտությունում, հավանաբար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Սա պաշտոնական Մոսկվայի առաջին արձագանքն է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարակուսանքով ու զարմանքով է ծանոթացել Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունում կիրառված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով։

Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում։

Հավանաբար Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա ոչ ճշգրիտ տեղեկություն է օգտագործել։ «Իսկանդեր Է»-ն բազմիցս հաջողությամբ կիրառվել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում՝ ընդդեմ միջազգային ահաբեկչական խմբավորումների։ Սա հիմք է տալիս մեզ պնդելու, որ Ռուսաստանի արտադրած «Իսկանդեր» համալիրները լավագույնն են իրենց բնույթի մեջ», - ասել է նա։

XS
SM
MD
LG