Մատչելիության հղումներ

Երեք հարկադիր տեղահանություն 33 տարվա ընթացքում


Երեք հարկադիր տեղահանություն 33 տարվա ընթացքում, այսպես է 55-ամյա Ռիմա Պողոսյանը ներկայացնում իր կյանքը։ Առաջին անգամ ստիպված էր գաղթի ճանապարհը բռնել ու 4 երեխաների հետ Ադրբեջանի Շամխորի շրջանի Չարդախլո գյուղից գալ Հայաստան, երբ 33 տարի առաջ սկսվեց ղարաբաղյան շարժումը։

Չնայած այդ տեղահանության հետ կապված բացասական հուշերին՝ Պողոսյանը հիշում է նաև, թե ժամանակին ինչպես են հարևանություն ու բարեկամություն արել ադրբեջանցիների հետ. «Լավ էին մեզ հետ, սկսվեց հեղափոխությունը 88 թվին, արդեն մեզ հետ հակառակվան, բայց մինչև էտ մեկը մեկին քավոր կանգնել, հարսանիքի, ծնունդի, անընդհատ բարեկամություն անելուց ենք եղել, շատ լավ ենք եղել իրար հետ: 88 թվի հեղափոխությունից հետո մեր տները քանդեց, եկանք թափառականի կյանքով, ոչ մի ոչ տուն կարացինք ստեղծել, ոչ մի բան»:

2007-ին Պողոսյանի ընտանիքը տեղափոխվել է Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղ: Ընտանիքը գյուղում վարձով է ապրել մինչև 2020-ի պատերազմի սկիզբը: 3 որդիները մնացել են, մասնակցել պատերազմին, իսկ տիկին Ռիման թոռների ու հարսի հետ տեղափոխվել Հայաստան. «27-ին սկսվել է, 29-ին տղես խաբեց, ասաց` մամա, ես պոստեր չեմ գնալու, մեզ խաբել ա, բերել սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտ, ճանապարհել, էնքան որ երեխեքին հագցրել ենք, փաստաթղթեր վերցրել, հելել»:

2 որդիները Արցախում ծառայում են որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ փոքր որդին ժամկետային զինծառայող է ու արդեն 7 ամիս է` չի տեսել. «2 ամսվա գնացած, կռիվը սկսվել ա, երեխաս գնացել ա, մինչև օրս էնտեղ ա, 7 ամիս ա` ծառայում ա, ոչ մի օր ոչ տեսել եմ, անընդհատ զանգով եմ հետը խոսում»:

Արդյոք համաձայն է, որ որդիները շարունակեն զինվորական ծառայությունը:

«Մի պահ պարծենում եմ, շատ եմ պարծենում, որ ունեմ տղերք, ունեմ սահմանապահ, մի պահ էլ ծնող եմ, ինչ ուզում ա լինի, էնքան եմ անհանգիստ, որ մարդ կա, գնացել է, իմ երեխու մոտից թողել, փախել, որ էտ պատերազմը տեսել ա, իրանց ընկերներին կանգնած թողել, լացել, փախել, որ մենք վախենում ենք», - արձագանքում է նա:

Կոճողուտ գյուղը հայկական վերահսկողության տակ է: Պողոսյանի ընտանիքն էլ Արցախ վերադառնալու ցանկություն ունի, միայն ասում է` տան հարցը լուծվի. «Կգնամ, եթե տունը նորմալ լինի, տնով ապահովեն, խի՞ չեմ գնա, գոնե իմանամ` իմ սեփականությունն ինձ կտան, գոնե տանեմ, իմ երեխեքին մեջը հավաքեմ, էս մեկի, էն մեկի դռներին ինչքա՞ն մնամ: Ստեղ անընդհատ վարձակալական, էտքան վարձով որ փողերը տալիս եմ, հավաքեի, մի տուն կվեկալեի, բայց չեմ կարում, ոչ մի տեղից ոչ մի օգնություն»:

3 տեղահանություն վերապրած կնոջ միակ ցանկությունը խաղաղությունն է. «Ինչքան զոհ ենք տվել, ինչքան վիրավոր ունենք, մեղք ենք, էլ էտ բանը չտեսնենք, մենակ ցանկանում եմ աշխարհքիս խաղաղություն. թող ինչքան նորածին կա, ինչքան երիտասարդ կա, խաղաղ երկնքի հետ, էն վիրավորնիքն էլ, որ ամուսնանում են, իրենց բարի բախտ լինի, երջանկություն լինի, իրենց երեխեքն էլ ոչ տենան էս պատերազմը: Մենք 3 անգամ տեսել ենք, իրենք չտեսնեն, էս լինի վերջին պատերազմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG