Մատչելիության հղումներ

Երկիր մոլորակը «ձայնը կտրել է»


Փարիզի դատարկ փողոցները կարանտինի օրերին
Փարիզի դատարկ փողոցները կարանտինի օրերին

Երկրագնդի աղմուկն անցած տասնամյակների համեմատությամբ շատ է ցածրացել:

Մոլորակը միշտ աղմուկ է արձակում, դա ընդերքի խորքում կամ մակերեսին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների, հրաբուխների, սեյսմիկ տեղաշարժերի, քամիների, ջրի հոսքի և, իհարկե, մարդկության ակտիվության հետևանք է:

Գիտնականներն ունեն այդ աղմուկը հետազոտելու և չափելու տեխնիկական հնարավորություններ, գերզգայուն սարքեր:

Մեր մոլորակը, թեկուզ ժամանակավոր, «ձայնը կտրել է»: Խոսքը մարդկության ակտիվության աննախադեպ կրճատման մասին է:

Արդյունաբերությունը սառեցվել է, հազարավոր գործարաններ չեն աշխատում, ավիացիան և երկաթուղին նախորդ շրջանի համեմատությամբ սահմանափակ ծավալով են գործում:

Թե ինչու է Երկիր մոլորակը դարձել ցածրաձայն, ակնհայտ է՝պատճառը կորոնավիրուսի համավարակն է, կարանտինը, որը տառացիորեն լռեցնում է արդյունաբերությունը:

Կա ambient noise հասկացություն՝ շրջակա միջավայրի աղմուկը, որն առաջանում է գործարանների և փոխադրամիջոցների աշխատանքից:

33 պետություններում անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ շրջակա միջավայրի աղմուկը 50 տոկոսով նվազել է: Հետազոտությունների նախաձեռնողը Ցյուրիխում գործող Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնն է:

«Մեր գիտնականները, համագործակցելով օտարերկրացի գործընկերների հետ, հաստատում են, որ «լոքդաուն» հայտարարելուց շաբաթներ անց աղմուկը տարբեր պետություններում նվազել է: Փաստորեն, մենք տեսնում ենք, թե ինչպես է պանդեմիան տարածվել աշխարհում, հենց մի հատված սկսում է քիչ աղմուկ արձակել, ուրեմն այնտեղ արդեն հասել է կորոնավիրուսը», - ասել է Ցյուրիխի կենտրոնի խոսնակ Միշել Մարտին:

Համավարակից առաջ էլ երկրագունդը գրանցել է այդ ambient noise-ի կրճատում՝ սովորաբար աշխարհն ավելի «ցածրաձայն» է դառնում Սուրբ Ծննդյան շրջանում կամ տևական արձակուրդ ենթադրող այլ օրերին:

Բայց նույնիսկ դրանց համեմատությամբ կորոնավիրուսի պարտադրած լռությունը շատ ավելի խորն է:

Բելգիացի մասնագետներն էլ փոխանցում են, որ գրանցել են «լռության ալիքներ», դրանք կորոնավիրուսի մեկնարկի շրջանում նախ եկել են Չինաստանից, ապա՝ Իտալիայից, հետո էլ տարածվել են եվրոպական այլ երկրներ ու հասել են Ամերիկա:

«Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ աղմուկը, շրջակա միջավայրի կամ քաղաքների աղմուկը նվազել է կորոնայի պատճառով: Մարդիկ ավելի քիչ են տեղաշարժվում, արդյունաբերությունն ավելի քիչ է աշխատում, այդ ամենն էլ գրանցում են սեյսմիկ գործիքները», - ասել է Միշել Մարտին:

Ի դեպ, կա շրջակա միջավայրի լռությունը նկատելու մի ուշագրավ եղանակ՝ Երկիր մոլորակը երբեք չի գտնվում մշտական կայուն վիճակում, տեկտոնիկ հոսանքներն ամեն օր առաջացնում են տարբեր աստիճանի հազարավոր ցնցումներ, և եթե գրանցվում են ամենաթույլ ցնցումները, ուրեմն վստահ կարելի է ասել, որ շրջակա միջավայրի աղմուկը նվազել է, քանի որ մարդկության ակտիվ գործունեության ժամանակ այդ աննշան ցնցումները պարզապես կլանվում են և չեն երևում:

XS
SM
MD
LG