Մատչելիության հղումներ

Եվրոպայում պահպանում են կարանտինային խստացումները


Բուժքույրը պատրաստում է Pfizer-BioNTech պատվաստանյութով ներարկիչը, Մադրիդ, 4 փետրվարի, 2021թ.
Բուժքույրը պատրաստում է Pfizer-BioNTech պատվաստանյութով ներարկիչը, Մադրիդ, 4 փետրվարի, 2021թ.

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մոտենում է 108 միլիոնի, COVID-19 հիվանդությունից մահացել է 2 միլիոն 374 հազար մարդ: Վարակի վիճակագրությունը մերթ ընդ մերթ փոփվում է, որոշ տեղերում նկատվում է նվազում, որոշ տեղերում՝ ընդհակառակը, աճ է արձանագրվում:

Շատ երկրներում մարդիկ չեն դիմանում և բողոքում են կարանտինի սահմանափակումների դեմ, իսկ պաշտոնյաները նշում են, որ միայն բնակչության զանգվածային պատվաստումը թույլ կտա արմատական բեկում մտցնել: Եվ իհարկե, քանի դեռ վիրուսը չի նահանջում՝ սահմանափակումների քաղաքականությունը նույնպես շարունակվում:

Չեխիայում ակնկալում էին կարանտինային արգելքների թուլացում, մինչդեռ երեկ կառավարությունը վճռեց ընդառաջել մարզերի ղեկավարների դիմումներին և երկարաձգել արտակարգ դրությունը, որի ժամկետը պետք է սպառվեր փետրվարի 14-ին: Անցած շաբաթ խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների ժողովը, երկարաձգմանը դեմ էր քվեարկել:

«Հիմք առնելով մարզերի ղեկավարների հետ մեր քննարկումները, կառավարությունը երկուշաբթի օրվանից արտակարգ դրություն է հայտարարում», - ասել է վարչապետ Անդրեյ Բաբիշը:

Վարչապետը նաև բաց չի թողել ստորին պալատի օրենսդիրներին կշտամբելու առիթը․ - «Ուրախ եմ, որ խոհեմությունն առավելության հասավ քաղաքական խաղերի նկատմամբ, որոնք մենք տեսանք Պատգամավորների խորհրդում։ Շնորհակալ եմ մարզպետներին, նրանք հասկանում են, թե որքան է կարևոր համագործակցությունը և բնակիչներին պաշտպանելու համար առավել ջանքերի գործադրումը»:

Հարևանները նույնպես շարունակում են կարանտինային սահմանափակումները: Բեռլինում արտակարգ դրությունը երկարաձգում են մինչև մարտի 15-ը: Կանցլեր Անգելա Մերկելը որոշումը համաձայնեցրել է դաշնային հանրապետության 16 երկրամասերի ղեկավարների հետ: Գերմանիան վերստին փակում է սահմանները Չեխիայի և Ավստրիայի հետ:

«Երեկվա դրությամբ Բավարիայի սահմանին ստուգումներ ենք անցկացրել, Չեխիայից Բավարիա մուտք գործելու մտադրություն ունեցող 770 մարդկանցից 288-ին ներս չենք թողել, քանի որ չեն ունեցել Covid-ի ստուգման թղթեր։ Ավստրիայի հետ սահմանին հազար մարդ ենք ստուգել, 247-ին ներս չենք թողել նույն պատճառաբանությամբ», - ասել է Մյունխենի ոստիկանության ղեկավար Կարլ Հայնց Բլումելը:

Եվրոպայում պատվաստումների հարցում առաջատարը Մեծ Բրտանիան է։ Առողջապահության նախարար Մաթ Հանկոքը հպարտությամբ է խոսել թագավորությունում իրականացվող վակցինացիայի մասին՝ հայտնելով, որ արդե 15 միլիոն մարդ է ստացել պատվաստանյութը․ - «Այո, մենք հասել ենք դրան, արդեն ավելի քան 15 միլիոն մարդ է ստացել պատվաստանյութը: Մենք պատվաստանյութ ենք առաջարկել յուրաքանչյուրին չորս գերակա խմբերից»:

Ճիշտ 15 միլիոն բնակիչ պետք է վակցինա ստանար առաջին փտւլում, որով նախատեսված է կորոնավիրուսից պաշտպանել ծերանոցներում ապրողներին, երկրի բոլոր բուժաշխատողներին, 70-ից բարձր տարիքի և տարբեր հիվանդությունների բերումով առավել խոցելի համարվող մարդկանց:

Վարչապետ Ջոնսոնը վստահեցնում է, որ մնացած շերտերը նույնպես ժամանակին կստանան վակցինան․ - «Դեռ պետք է անցնենք երկար ճանապարհ, դեռ կլինեն խոչընդոտներ, բայց այն, ինչ արդեն կարողացել ենք անել, վկայում է, որ մենք կիրականացնենք մեր նպատակները»:

Դե իսկ ամբողջ աշխարհում առավել ծանր վիճակում Ամերիկան է, որտեղ ախտահարվել է ավելի քան 27 և կես միլիոն, մարդ, մահացածների թիվը գերազանցել է 483 հազարը:

ԱՄՆ-ում էլ են զանգվածային պատվաստումներ իրականացնում: Վակցինայի պակասը, կազմակերպական այլ խնդիրներ դժվարացնում են գործընթացը, բայց այն շարունակվում և աստիճանաբար արագանում է:

XS
SM
MD
LG