Մատչելիության հղումներ

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է գերիների հայրենադարձման կարևորությունը


Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարարն այսօր հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչմանը: Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։

Նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:

Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Նախարարների կողմից ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հետ, նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Իսկ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապով քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` ՀՀ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այսօր կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում:

XS
SM
MD
LG