Մատչելիության հղումներ

Արցախում կասկածներ կան, որ զոհված հայ զինծառայողների աճյունների մասսայական հուղարկավորություններ են կատարվել


Որոնողա-փրկարարական աշխատանքներ ռազմական գործողությունների շրջանում, արխիվ
Որոնողա-փրկարարական աշխատանքներ ռազմական գործողությունների շրջանում, արխիվ

Արցախում կասկածներ կան, որ ադրբեջանական կողմը զոհված հայ զինծառայողների աճյունների մասսայական հուղարկավորություններ է կատարել։ «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սառաջյանը, նշելով, որ ըստ տեղեկությունների՝ դա իրականացվել է ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող շրջանում։

«Կասկածները հիմնականում պայմանավորված են նրանով, որ այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել թեժ մարտերը, հիմնական մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, և այդ առումով որոշակի դժվարություններ են առաջանում՝ հստակ ասել, որ իրոք կատարվել են, հաստատ ասել, որ այդ հուղարկավորությունները կատարվել են կոնկրետ վայրերում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արցախի օմբուդսմենի պաշտոնակատարը։

Սառաջյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է ուղիղ, ինչպես նաև միջնորդավորված՝ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ, բանակցի ադրբեջանական կողմի հետ՝ հուղարկավորությունների հնարավոր վայրերը բացահայտելու ուղղությամբ. - «Ինչպես նաև պետք է մշակվեն բոլոր տեսակի տեղեկությունները, այդ թվում՝ մամուլում շրջանառվող, եթե այդպիսիք կան ու առաջիկայում էլ եթե լինեն էլ, պետք է շրջանառվեն բոլոր տեղեկությունները, նաև պետք է որոշակի աշխատանքներ տանել ուղիղ պատերազմական գործողությունների մասնակից զինծառայողների հետ՝ հնարավոր վայրերի բացահայտման ուղղությամբ»։

Այս ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում որոնողական աշխատանքները շարունակվում են, թեև, Սառաջյանի փոխանցմամբ, միշտ չէ, որ ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները պահպանում է՝ հաճախ են դեպքերը, երբ արգելում են աշխատանքներ իրականացնել։ Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչ օրս հայտնաբերվել է 1374 աճյուն։

«Երբ որ սկսվել են որոնողական-փրկարարական ընդհանուր աշխատանքները, այդ ժամանակ արդեն քարտեզագրվել են ընդհանուր այն վայրերը, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել, այն վայրերը, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ բնակավայրերում ամբողջությամբ պետք է իրականացվի որոնողական աշխատանք, ու ըստ ծրագրի՝ այդպես էլ եղել է։ Այս պահի դրությամբ չկա մի այնպիսի վայր, թեկուզ եղել են դեպքեր, որ էնտեղ մարտական գործողություններ չեն եղել, բայց որոնողական աշխատանքների ընթացքում ստիպված եղել ենք նաև այդ վայրերում կատարել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, հուսալով, որ կգտնենք՝ կա՛մ ողջ, կա՛մ գոնե աճյուններ», - նշեց Արսեն Սառաջյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն վերաորոնողական աշխատանքներ են իրականացվում։ Եղել են դեպքեր, երբ նույն տարածքում տասնյակից ավելի անգամ են աշխատանքներ իրականացվել։

«Օրինակ, արդեն չգիտեմ որերորդ անգամ՝ Վարանդայի՝ Ֆիզուլու շրջանը, Ջրականի շրջանը, ընդհանուր առմամբ արդեն կա վայր, որտեղ 29-րդ անգամ ենք գնացել մենք արդեն հասել ենք այստեղ, և, միևնույն է, նույն վայրերում շարունակում ենք իրականացնել։ Այսինքն՝ մենք ներկայացնում ենք շրջանները, բայց, օրինակ, Ֆիզուլու շրջան՝ Վարանդայի շրջան, այնտեղ կան շատ բնակավայրեր, որ շատ մեծ է տարածքը, ծավալը, բնականաբար՝ աշխատանքի շատ է, և հաճախ ենք դրա համար այնտեղ իրականացնում աշխատանքներ», - ասաց Թադևոսյանը՝ շարունակելով․ - «Աշխատանքները կշարունակենք այնքան ժամանակ, մինչև իմանանք կոնկրետ, որ այլևս որևէ մասունք կամ ոսկոր չկա մնացած Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախում, և նաև այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը թույլ կտա, որ իրենց տարածքում, որը հիմա իրենց վերահսկողության ներքո է, այդ տարածքներում իրականացնենք աշխատանքներ։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ այդպիսի որոշումներ չկան, դեռ թույլատրում են, և դեռ մենք շարունակում ենք ամենօրյա աշխատանքը»։

Թե քանի անհետ կորած կա, դեռևս պաշտոնական որևէ թիվ չի հրապարակվում։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատարը թեև թիվ չնշեց, սակայն ասաց, որ անհետ կորած անձանց վերաբերյալ Պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ միասին աշխատում են ցուցակների վրա և պարբերաբար Պաշտպանության բանակի միջոցով փոխանցում են խաղաղապահներին։

Պաշտպանության նախարարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե երբ են ի վերջ հրապարակելու անհետ կորածների թիվը, չեն հայտնում, նշում են միայն, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։

XS
SM
MD
LG