Իրանը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մշտական անդամ դառնալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանը բանակցություններ է սկսել միության մշտական անդամ դառնալու ուղղությամբ, և մեր մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- չորեքշաբթի Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո Թեհրան ժամանելով՝ իրանական լրատվամիջոցներին ասել է պաշտոնյան։
Խորհրդարանի խոսնակը նաև հայտարարել է, որ չնայած Covid-19 համավարակին` Ռուսաստանի և Իրանի միջև արտահանումն ավելացել է 40 տոկոսով, և երկու երկրներն առաջիկայում նախատեսում են ավելի խորացնել առևտրային հարաբերությունները։
2015 թվականից գործող տնտեսական միությունը, որի անդամը նաև Հայաստանն է, 5 երկիր է միավորում։ Միության անդամներն են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է։
2018 թվականի մայիսին Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը համաձայնագիր ստորագրեցին, որով ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև արտահանված ապրանքների մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցվում կամ վերացվում էին սահմանափակ քանակով ապրանքների համար։ 2019 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած գործարքը նախատեսված էր երեք տարի ժամանակով, որի ընթացքում միությունը և Իրանը պետք է համաձայնություն ձեռք բերեին առևտրի ազատ գոտու ռեժիմի անցման վերաբերյալ։
Փաստաթղթով Իրանը սականգնային արտոնություններ էր ստացել բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև շինարարական նյութերի, սպասքի, գորգերի, գունավոր մետաղներից պատրաստված որոշ արտադրատեսակների համար։ ԵԱՏՄ անդամ երկրների արտահանողներն արտոնություններ էին ստացել Իրան մսամթերքի, հրուշակեղենի և շոկոլադի առանձին տեսակների, ինչպես նաև մետաղներ, կոսմետիկական միջոցներ, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումների առանձին տեսակներ արտահանելու համար։