Մատչելիության հղումներ

Ռուսաստանի համար մահացու վտանգ է Բելառուսը կորցնելը, համարում է Լուկաշենկոն


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ավելի խորը համագործակցություն կառուցելու անհրաժեշտության մասին է հայտարարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Միությունը, որի անդամը նաև Հայաստանն է, Լուկաշենկոյի խոսքով` դեռևս չի հեռացել «համաշխարհային միտումներից», և պետք է բարձրացնել կառույցի արդյունավետությունը՝ ավելի գրավիչ դարձնելու այն այլ գործընկերների համար ևս։

«Ըստ էության, յուրաքանչյուրն ինքն իրենով է զբաղված, պայքարում ենք մաքսատուրքերի համար, չափորոշիչների համար ենք պայքար տանում, ակցիզների։ Պետք է հաղթահարել միավորման զարգացման իներցիոն բնույթը, ավելացնել եվրասիական զարգացման արդյունավետությունը»,- խոստովանել է Լուկաշենկոն փետրվարի 11-ին Մինսկում մեկնարկած Համաբելառուսական ժողովրդական համաժողովի բացման արարողությանը։

Ելույթ ունենալով Բելառուսի խոշորագույն հասարակա-քաղաքական իրադարձություններից մեկը համարվող միջոցառմանը՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի համար թեև կարևոր են հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն երկրի հիմնական գործընկերը շարունակում է Ռուսաստանը մնալ։ Ըստ Լուկաշենկոյի՝ բելառուսների ավելի քան 70 տոկոսը կողմ է արտահայտվում դաշնության հետ ինտեգրացիային։ Նա նաև խոսել է Ռուսաստանի հետ Միութենական պետության հնարավորությունների զարգացման մասին։

Տարածաշրջանում ամեն բան Ռուսաստանի հետ Բելառուսի միասնականությամբ է պայմանավորված, համոզմունք է հայտնում Բելառուսի նախագահը՝ անդրադառնալով Ռուսաստանում և Բելառուսում ներկա ներքաղաքական լարումներին, պարբերաբար անցկացվող բողոքի ցույցերին։

«Բելառուս-Ռուսաստան կապից է կախված` տարածաշրջանում պատերազմ կլինի, թե խաղաղություն»,- ասել է Լուկաշենկոն՝ արտաքին ուժերին մեղադրելով ինտեգրացիոն գործընթացների խափանման փորձերի մեջ։

«Բելառուսը կորցնելը Ռուսաստանի համար մահացու վտանգ է»,- հավելել է նա՝ խոսելով երկրի ազգային անվտանգության ապահովման մասին, նաև հայտարարել է, որ այս տարվա աշնանը հիմնականում Բելառուսի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվելու։

Իր ելույթում Լուկաշենկոն քննադատել է անվտանգային կառույցներում ընդդիմության ներկայացրած բարեփոխումների պահանջները, որոնցով առաջարկվում է կրճատել Ներքին գործերի նախարարության, Ներքին զորքերի և Պետական անվտանգության կոմիտեի անձնակազմերը ու ասել, որ չնայած այդ առաջարկներին, շարունակելու է զարգացնել երկրի ուժային բլոկը՝ «նոր մարտահրավերներին և վտանգներին համարժեք կերպով»։

«Կասկած չկա, որ ազգային անվտանգության բոլոր ռիսկերից ամենալուրջը դառնում է տեղեկատվական անվտանգությունը»,- պնդել է նա՝ ընդգծելով, թե ինֆորմացիոն դաշտում երկիրն այսօր ասես պատերազմի մեջ լինի։

26 տարուց ավելի երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոն իր ելույթում նաև ընդգծել է, թե ներկա ժամանակաշրջանը բեկումնային փուլ է երկրի և ժողովրդի պատմության մեջ։ Խորհրդային Միությունից Բելառուսի անկախացումից ի վեր երկրի միակ նախագահը համեմատել է այս ժամանակաշրջանը ԽՍՀՄ փլուզման և դրա հետևանքների հետ։

Համաբելառուսական ժողովրդական համաժողովն անցկացվում է 5 տարին մեկ՝ սկսած 1996 թվականից և նպատակ ունի սահմանելու երկրի համար առաջիկա 5 տարիների նպատակակետերը։ Դեռևս 1994-ից երկիրը նախագահող Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարվա՝ 6-րդ համաժողովին մասնակցում է երկրում աննախադապ քաղաքական ճգնաժամի պայմաններում, երբ Բելառուսում շարունակվում են նրա հրաժարականի պահանջով ցույցերը։ Փողոցներ դուրս եկած քաղաքացիները հայտարարում են, որ նախորդ տարվա օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են։ Ընտրությունների արդյուքները չճանաչելու մասին հայտարարում են նաև մի քանի տասնյակ պետություններ, ինչպես նաև մի շարք համաեվրոպական և միջազգային կառույցներ։

XS
SM
MD
LG