Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատում այսօր մեկնարկում է Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը


ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաները Սենատ են բերում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին Պալատի ընդունած հոդվածը, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաները Սենատ են բերում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին Պալատի ընդունած հոդվածը, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2021թ․

Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով երկու անգամ իմփիչմենթի ենթարկվեց։ Անցյալ տարի Սենատն արդարացրել էր Սպիտակ տան ղեկավարին, ում դեմոկրատները մեղադրում էին պաշտոնեական դիրքի չարաշահման և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։ Այս անգամ 45-րդ նախագահին Միացյալ Նահանգների դեմ խռովություն հրահրելու մեղադրանք է առաջադրվել։

Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն է իր գործողություններով նպաստել հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած արյունալի անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։ Ամբոխը Կապիտոլիումի բլուր էր ուղևորվել հեռացող նախագահի հրավիրած հանրահավաքից անմիջապես հետո և նրա ցուցումով․ այդ հավաքի ընթացքում Դոնալդ Թրամփը հերթական անգամ առանց փաստարկներ բերելու հայտարարում էր, թե դեմոկրատներն ընտրությունները «գողացել են»՝ իր կողմնակիցներին կոչ անելով գնալ Կոնգրես և քաջալերել այդ պահին Կոնգրեսում Ջո Բայդենի հաղթանակը վիճարկող հանրապետականներին։

Հենց այս հայտարարություններն ու գործողությունները հիմք ընդունելով՝ դեմոկրատական ճամբարի ներկայացուցիչները, ինչպես նաև մի խումբ հանրապետականներ Թրամփի երկրորդ իմփիչմենթի գործընթացը հասցրին օրենսդիր մարմնի վերին պալատ։ Այսօր մի քանի ժամից Միացյալ Նահանգների Սենատը կվերածվի դատարանի, որտեղ գլխավոր ամբաստանյալը կլինի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը։ Սենատը ներկայումս հավասարապես բաժանված է դեմոկրատների և հանրապետականների միջև՝ 50-50 հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ Թրամփին մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը, նրա դեմ պետք է հանդես գան 17 հանրապետական սենատորներ, սակայն մինչ այս պահը պաշտոնաթող նախագահի դեմ արտահայտվել են նրա միայն 5 կուսակիցներ։

Սենատի դեմոկրատական թևի առաջնորդ Չաք Շումերը, այսօր ներկայացնելով լսումների օրակարգը, վստահեցրել է՝ դատավարության արդարությունը երաշխավորված է։ «Իմփիչմենթը թույլ կտա պարզել ճշմարտությունն ու պատասխանատվությունը, որոնք անհրաժեշտ են հունվարի 6-ին մեր ժողովրդավարության վրա հարձակումից հետո, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, մեր երկիրը միավորելու համար»,- հայտարարել է Շումերը։

Նախօրեին իմփիչմենթի այսպես կոչված մենեջերները հանդես են եկել առանձին հայտարարությամբ, որում պնդել են․ - «Նախագահ Թրամփի պահվածքի ապացույցներն անհերքելի են։ Նա այդ գործողությունների համար չունի ծանրակշիռ արդարացում։ Եվ պատասխանատվությունից խուսափելու նրա փորձերն ամբողջովին ապարդյուն են»։

Այդ հայտարարության մեջ դեմոկրատ օրենսդիրները նաև Թրամփին մեղադրում են ամերիկացի ժողովրդին դավաճանելու, երկրի դեմ խռովություն հրահրելու, երդումը խախտելու մեջ։

«Ներկայացուցիչների պալատը դատական վեճերի ընթացքում կապացուցի, որ նախագահ Թրամփն արժանի է մեղադրական դատավճռի և որակազրկման, ինչը նրան կարգելի զբաղեցնել ցանկացած պատվավոր և վստահելի, վարձատրվող պաշտոն Միացյալ Նահանգներում», - ասված է հայտարարությունում։

Ինքը գլխավոր ամբաստանյալը՝ Դոնալդ Թրամփը, ինքնապաշտպանական ճառով հանդես գալու ցանկություն չունի, ոչ էլ ներկա կգտնվի ամենայն հավանականությամբ շուրջ մեկ շաբաթ շարունակվելիք գործընթացին։ Նա այս ժամերին Ֆլորիդայում է, տեսախցիկները նախկին նախագահին նկատել են Ուեսթ Փալմ Բիչում գտնվող իր ակումբում գոլֆ խաղալիս։

Թե՛ Թրամփը, թե՛ նրա պաշտպանական թիմը ի սկզբանե պնդում են, որ Միացյալ Նահանգների պաշտոնաթող նախագահի դեմ հակասահմանադրական գործընթացներ են իրականացվում։ Թրամփի փաստաբանների համոզմամբ՝ Սենատը չունի սահմանադրական լիազորություններ նախկին նախագահի դեմ դատական գործընթացներ սկսելու համար, քանի որ նա արդեն թողել է պաշտոնը և հանդիսանում է մասնավոր անձ։ Բացի այդ, ինչպես պնդում են նրանք, նախկին նախագահը ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու մասին խոսել է՝ օգտվելով Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքից։

Ի դեպ, լսումներից մեկ շաբաթ առաջ նախկին նախագահի պաշտպանական թիմը, որը պետք է նրա շահերը ներկայացներ այսօր մեկնարկող իմփիչմենթի լսումներին, հրաժարական էր ներկայացրել։ Վերջին պահին նրանց փոխարինելու գործը ստանձնել են փաստաբան Դեյվիդ Շոենը, ով հայտնի է որպես սեռական ոտնձգությունների համար մեղադրվող դերասան Բիլի Կոսբիի պաշտպան, և Բրյուս Քասթորը․ վերջինս երկար տարիներ աշխատել է մեծահարուստ Ջեֆրի Էփշթեյնի հետ, ով ինքնասպան է եղել բանտում, որտեղ սպասում էր անչափահասներին սեռական թրաֆիքինգի ենթարկելու աղմկահարույց գործով դատավճռին։

XS
SM
MD
LG