Մատչելիության հղումներ

Վանաձորում քովիդի թեստավորում իրականացնող «Նորմեդ» կլինիկայում դիմողների թիվը եռապատկվել է


Վանաձորում քովիդի թեստավորում իրականացնող «Նորմեդ» կլինիկայում դիմողների թիվը եռապատկվել է, ասում է գործադիր տնօրեն Սիլվա Նազարյանը։

Թեստավորվում են Ռուսաստան մեկնողները Լոռու մարզի տարբեր համայնքներից։ Ոմանք անգամ Տավուշի մարզից էին եկել։

«Շատ են դիմում՝ մոտ հարյուր, օրական հարյուր հոգի գալիս է,ամսի 1-ից սկսած», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը։

Թեև Առողջապահության նախարարության ծանուցման համաձայն Վանաձորում ևս երկու մասնավոր լաբորատորիաներ՝ «Էկոսենս»-ն ու «Դավիդյանց»-ը, ունեն Ռուսաստան մեկնողներին թեստավորելու թույլտվություն, բայց «Նորմեդ»-ում հավաքվածները չգիտեին այդ մասին։ Մյուս երկու լաբորատորիաներում շատ փոքրաթիվ դիմողներ էին, մինչդեռ «Նորմեդ» կլինիկայում թեստավորողներն ասում էին, որ մինչև 7-8 ժամ սպասում են հերթերում։

Հավաքվածները հիմնականում ասում էին, որ Ռուսաստան են մեկնում՝ աշխատելու։
«Տղերքս երկուսն էլ Ռուսաստան են։ Տենանք՝ ինչ լինի վիճակը։ Հետագայում ընտանիքս երևի տանեմ», - ասաց մի տղամարդ։

«Ես եկել եմ Դիլիջանից, գնում ենք Ռուսաստան, բոլորս էլ արտագաղթում ենք։ Որովհետև աշխատանք չկա, ոչ մի բան չունենք անելու, ի՞նչ անենք, ի՞նչ պիտի անենք, ասեք։ Տոմսերն էլ 300-400 հազար դրամ, մարդիկ մեղք են։ Մարդ կա՝ կով ա ծախում, գնում Ռուսաստան, որ աշխատի, գա, ինչի՞ համար։ Հիմա թեստը հանձնեմ, գնամ տենամ որտեղ՝ էնքան որ Ռուսաստանի Դաշնությունում մի հատ տեղ տոմս առնեմ, թեկուզ՝ Վլադիվոստոկ, թռչեմ Ռուսաստան, կապ չունի որտեղ, բիզնես կլաս կլնի, թե ինչ կլնի», - ասաց մյուսը։

Վարդան Շեկոյանը Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած Ուխտասարում տուն է կորցրել։ Մեկ օրվա ընթացքում թեստավորման պատասխանը կստանա ու կտեղափոխվի Ռուսաստան։ Հայտնեց, որ ընտանիքով Ուխտասարում ապրում էր 13 տարի, շինարարությամբ էր զբաղված։ «Առայժմ ես եմ գնում [Ռուսաստան]», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շեկոյանը՝ հավելելով, որ այլընտրանք չկա։

Սասուն Սերգեյանը Տաշիրից է։ 5 կթի կովը կթողնի կնոջ խնամքին ու կմեկնի Ռուսաստան։ Հայաստանում աշխատածով ընտանիք չես պահի, ասում են։ «Պռադուկտը թանգեց, բայց կաթի գին չկա», - դժգոհեց Սերգեյանը՝ հայտնելով, որ Ռուսաստանում «կաֆելի գործ» է անելու․ - «Ստեղ ո՞րտեղ գտնես, Տաշիրում ո՞րտեղ գտնես»։

«Ասենք՝ կարանք աշխատենք, բայց աշխատենք՝ մեր աշխատածը ըլի ապարդյուն՝ մեզ չհերիքի, բայց կարանք աշխատենք, որ մեր աշխատածը ըլի արդյունավետ, ու մեր ընտանիքները ապրեն, ոչ մի բանի կարիք չունենան։ Հլը գնանք, որ լավ ըլնի, պտի սաղին էլ կանչենք, տանենք», - նշեց կլինիկայի մեկ այլ այցելու։

Գառնիկ Բաղդասարյանն ասում է՝ գնում է միայն հետ գալու պայմանով․ - «Կինս էլ ա թոշակառու, ես էլ, կինս էլ ա գալի, ես էլ։ Գնում ենք էրեխեքին տենանք, ուրախանանք, հետ գանք։ Էս երկիրը մերն ա, ստեղ մենք չենք թողալու, մենք պտի գանք ու ստեղ ապրենք, էրեխեքին էլ պտի հետ բերեմ ես»։

XS
SM
MD
LG