Մատչելիության հղումներ

Արևմուտքի մասնագետները գովեստով են խոսում Sputnik V ռուսական վակցինայի մասին


Կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը 91.6 տոկոսով արդյունավետ է, ինչն ապացուցում են գիտական հետազոտությունների արդյունքները: Այս տեղեկությունը հրապարակել է բժշկական խնդիրներ լուսաբանող մոլորակի ամենաազդեցիկ գիտական հանդեսներից մեկը՝ բրիտանական The Lancent-ը:

Sputnik V-ին նվիրված հոդվածում շաբաթական հանդեսը նշում է, որ դրա փորձարկումների երրորդ փուլի արդյունքները հաստատում են՝ աշխարհը ստացել է COVID-19 դեմ պայքարի ևս մեկ արդյունավետ զենք:

Բրիտանացիների փոխանցմամբ, «հաշվի առնելով այս համավարակի ծավալը և վտանգավորությունը` կարելի է նույնիսկ ետին թվով արդարացնել նախքան երրորդ փուլի փորձարկումների արդյունքները ստանալը՝ վակցինան զանգվածային շրջանառության մեջ դնելու Մոսկվայի որոշումը, որը ժամանակին քննադատության է ենթարկվել գիտական համայնքի կողմից»:

Sputnik V պատվաստանյութին Արևմուտքի մասնագետների տված այս բարձր գնահատականին արձագանքել են վակցինան ստեղծած Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի ղեկավարները:

«Մենք կարողացանք ապացուցել, որ վակցինայի արդյունավետությունը 91.6 տոկոս է, սա ամենակարևոր նվաճումն է, բացի այդ, մենք ապացուցել ենք, որ իմունոգենությունը 98 տոկոսից բարձր է, իսկ բջջային իմունիտետ կամավորների 100 տոկոսի մոտ է գրանցվել»,- ասել է կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը:

Պատվաստանյութի անվտանգության մասին խոսել է այդ ռուսական գիտական հաստատության ղեկավարը` ակադեմիկոս, մանրէաբան Ալեքսանդր Գինզբուրգը:

«Sputnik V-ի զանգվածային կիրառման ընթացքում որևէ լուրջ բարդություն չի գրանցվել»,- ասել է ակադեմիկոսը:

Sputnik V-ն այսօրվա դրությամբ գրանցվել է 17 երկրներում, այդ թվում` Հայաստանում, որտեղ, ի դեպ, դեռ անցյալ տարվա նոյեմբերին են մի խումբ կամավորներ ստացել այդ պատվաստանյութը:

Եվրոպական միության երկրներից Sputnik V-ն ճանաչել են Հունգարիայում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանն էլ ասել է, որ եվրոպական և ֆրանսիական պատկան մարմինների կողմից գրանցվելու դեպքում Sputnik V-ն կկիրառվի Ֆրանսիայում:

«Վակցինան ազգություն չունի, գլխավորը դրա արդյունավետությունն է»,- ասել է նախարարը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ նշել է, որ Եվրամիությունը «բարի գալուստ» կասի Դեղամիջոցների եվրոպական գործակալության հավանությունը ստացած բոլոր վակցինաներին, այդ թվում` ռուսականին:

«Ես խոսել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մենք ստացել ենք այդ վակցինայի մասին դրական գնահատականներ, ցանկացած վակցինա կընդունենք, միայն թե տրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,- ասել է Մերկելը:

Գամալեայի ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացված փորձարկումների ընթացքում վակցինան ստացել են 19 հազար 866 կամավորներ, որոնց մեկ քառորդին տրվել է «պլացեբո»՝ ոչ մի դեղամիջոց չպարունակող անվտանգ նյութ:

Վակցինայի արդյունավետությունը 91.6 տոկոսի է հասել առաջին ներարկումից 21 օր անց երկրորդ դեղաչափը ներարկելուց հետո:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG