Մատչելիության հղումներ

Մոտ ապագայում Հայաստանի բնակչության 3 տոկոսը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ


Նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:

«Այս պահի դրությամբ ոչ մի երկիր ինքը չի կարող որոշել` որն է գնում, համաձայնագրի շրջանակներում հաջորդ առաջարկը կարող է լինի հունիսից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածում, այսինքն` մենք սպասենք մինչև հունիս ամի՞սը, հա՞, այս անգամ էլ մեզ կքարկոծեին, կասեին` ինչո՞ւ չեք որևէ պատվաստանյութ բերում», - ասում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Մինչ «AstraZeneca»-ի Հայաստան հասնելը չի բացառվում այլ պատվաստանյութի ներկրում, քանի որ բանակցություններն ակտիվ ընթացքում են։ Մասնավորապես,Հայաստանը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի 60 դեղաչափ օգնություն է ստացել՝ 30 հոգու համար, ևս հազարը կստանան, այժմ բանակցություններ են տարվում մեծ քանակի գնումների համար։ Պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու, կպատվաստվեն նրանք, ովքեր կունենան ցանկություն։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։

Դատելով քաղաքացիների շրջանում տիրող տրամադրություններից, որոնք նաև սոցցանցերում են տեղ գտնում, ոչ բոլորն են ցանկանում պատվաստվել քովիդի դեմ։ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում, օրինակ, շատերը դժգոհել էին «AstraZeneca»-ի ցածր գնից՝ ենթադրելով, որ պատվաստանյութը որակյալ չի կարող լինել։

«Նույն «AstraZeneca»-ն, երբ որ երկիրը սկսել է արդեն շուկայի ուսումնասիրություն անել, նույն պատվաստանյութը մեզ առաջարկվել է 25 դոլար: Որակային առումով մենք հիմնականում պետք է ուշադրություն դարձնենք անվտանգության վրա: Այս պահի դրությամբ «AstraZeneca»-ի հետ կապված, ինչպես որ «Pfizer»-ի հետ է շահարկվում մահացություն, մահվան դեպքեր, «AstraZeneca»-ի հետ կապված մեկ այդպիսի դեպք նկարագրվեց Անգլիայում, հետագայում այն ժխտվեց», - նշեց Սահակյանը:

«Այդ 20 հազար մարդկանց շրջանում հայտնաբերվել է շուրջ 3 կողմնակի էֆեկտ, որը կապվել է պատվաստանյութի հետ, այսինքն` ըստ էության մենք կարող ենք փաստել, որ անվտանգության տեսանկյունից էլ նա դրական է: Մյուս կողմից նաև կարևոր է նշել, որ այդ 20 հազար մարդկանց մոտ, ովքեր ստացել են պատվաստանյութը, որևէ քովիդի կապակցությամբ հոսպիտալացում չի եղել, այսինքն` անգամ եթե մարդիկ հիվանդացել են, ինչը եղել է ավելի քիչ տոկոս դեպքերում, հիվանդությունը ծանր ընթացք չի ունեցել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել», - ասում է Հանրային առողջության մասնագետ Հրանտ-Մելիք Նուբարյանը:

Այսօր աշխարհում 4 պատվաստանյութ է կիրառվում՝ «AstraZeneka»-ն, «Pfizer»-ը, «Moderna»-ն և «Sputnik V»-ն։ Ինչ վերաբերում է «AstraZeneca»-ին, ավստրալիացի գիտնականների մի խումբ, օրինակ, կառավարությանը կոչ էր արել վերանայել բնակչությանը միայն «AstraZeneca»-ով պատվաստելու մոտեցումը՝ նշելով, որ այն բավականին արդյունավետ չէ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար։ «AstraZeneca»-ն 3 երկրում է անցել փորձարկում` Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա։ Այն գրանցել է 62-90 տոկոս արդյունավետություն, ինչը հանրային առողջության մասնագետ Հրանտ Մելիք Նուբարյանը բավարար է համարում. «Սա վատ արդյունավետություն չի, չնայած համեմատած մնացած երեք պատվաստանյութերի հետ` որոշակիորեն ցածր արդյունավետություն է: Բայց համեմատության համար ասենք, որ օրինակ` սեզոնային գրիպի պատվաստանյութը 58 տոկոս արդյունավետություն ունի»:

Գին-որակ հարաբերակցության մեջ, ըստ հանրային առողջության մասնագետի, ընտրությունը արդարացված է, չնայած ամբողջ աշխարհում կա լուրջ անվստահություն պատվաստանյութերի նկատմամբ. հարցումների համաձայն Ռուսաստանում 50 տոկոսից ավելին, իսկ Ֆրանսիայում 30 տոկոսը պատվաստվել չի ցանկանում։ Հայաստանում էլ չցանկացողների թիվը փոքր չէ։

«Չէ, չէ, ոչ մի դեպքում չենք ցանկանա», - ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը ավելացնում է. «Առողջ մարդ եմ, ի՞նչ եմ անում պատվաստումը»:

«Այո, որ պատվաստեն, կպատվաստվեմ անպայման», - երրորդի կարծիքն է:

Հանրային առողջության մասնագետը մեծապես կարևորում է բնակչության շրջանում տեղեկատվական արշավի անցկացումը, հակառակ դեպքում չի բացառում, որ գարդասիլի նման կտապալվեն նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումները։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG