Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի բարելավումը ռեկորդային է, բայց «ոգևորվել պետք չէ»


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ռեկորդային է համարում Հայաստանի բարելավումը կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում։ Ցուցանիշը վերջին երկու տարիներին բարելավվել է 7-ական միավորով։

Միջազգային հեղինակավոր կազմակերպության ինդեքսում Հայաստանի միավորը 49 է, և 180 երկիր ներառող դասակարգման 2020 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի և Սլովակիայի հետ կիսում է 60-ից 62-րդ տեղերը։

«Երկու տարվա ընթացքում 7-ական միավոր՝ 14 միավոր է ավելացել, որը, փաստորեն, բացառիկ արդյունք է, եթե նայում ենք երկու տարիների համար, լավագույն արդյունքներից մեկն է, եթե ոչ լավագույնը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյան
Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը աղյուսակը կազմում է՝ հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ղեկավարների ուսումնասիրությունների վրա։ Հայաստանի դեպքում կիրառվել են 6 կազմակերպություններից ստացված տվյալները։

«Դա Բերտելսմանի հիմնադրամի 2020 թվականի տրանսֆորմացիոն համաթիվն է, Freedom House-ի անցումային փուլում գտնվող պետությունների 2020 թվականի զեկույցը, Global Insight-ի երկրի ռիսկայնության 2019-ի վարկանիշը, Political risk services international-ի երկրի ռիսկայնության 2020 թվականի ուղեցույցը, Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2020 թվականի զեկույցը և Համաշխարհային տնտեսական ֆորումի ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում 2019 թվականի զեկույցը», - ասաց Հոկտանյանը։

Հայաստանի գրանցած առաջընթացը նկատելի է դասակարգման աղյուսակում, բայց այդ արդյունքից ոգևորվել պետք չէ, ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը։

«Նշածս աղբյուրները բավականին տարբեր են, քանի որ թվեր են, արժեքները բավականին տարբերվում են, Հայաստանի դեպքում ստանդարտ սխալը բավականին մեծ է և դա թույլ չի տալիս ասել, որ վիճակագրորեն էական առաջընթաց է սա հանդիսանում», - ասաց Հոկտանյանը։

Ներկայացված համաթիվը խոսում է ոչ թե երկրում կոռուպցիայի նվազման, այլև կոռուպցիայի նվազման ընկալման մասին՝ հիշեցնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իսկ դիրքերի նման բարելավումը ցույց է տալիս, որ հանրության շրջանում ակնկալիքները կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ դեռևս մեծ են։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

«Իմ համոզմամբ, գնահատականի մեջ էական դեր են ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման փաստը, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ստեղծումը Գլխավոր դատախազության կազմում, հակակառուպցիոն դատարանների ձևավորման աշխատանքներն, ապօրինի հարստացմամբ ձեռք բերված գույքի վերադարձի մասին օրենքը, սրանք քայլեր են, որ մինչ հիմա Հայաստանում չեն եղել», - ասաց իրավապաշտպանը։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հատվածային է, ամբողջական չէ և գործերը մինչև վերջ չեն գնում՝ ընդգծում է Սաքունցը։ Այն մարմինները, որ պետք է զբաղվեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, բարեփոխված չեն։

«Քայլերն արվում են, մեր խնդիրը այդ քայլերի արդյունավետության հետ կապված հարցերն են։ Լուրջ խնդիր կա հակակոռուպցիոն մշակույթի, զրո հանդուրժողականություն կոռուպցիայի դրսևորումների դեմ հանրային մտածելակերպի ձևավորման ուղղությմաբ էլ, որում կարևոր է իշխանությունների վարքագիծը։ Այստեղ խնդիրներ ենք տեսնում, որ հետևողականությունը, թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքների նահանջ կա իշխանության կողմից, այսինքն՝ իրականացման տեսակետից մտահոգություններ կան», - ասաց իրավապաշտպանը։

Հայաստանը վերջին տարիներին ամենացածր միավորը ստացել է 2016թ-ին՝ 33 միավոր, ամենաբարձրը՝ 2020-ի ցուցանիշն է՝ 49։ Տարաշածրջանում համաթվով Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը ստացել է 56 միավոր։ Թուրքիան ունի 40, Ադրբեջանը՝ 30, Ռուսաստանը նույնպես 30 միավոր է ստացել։

XS
SM
MD
LG