Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը 


Ամենայն Հայոց կաթողիկոսը շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ միաժամանակ հայտարարելով, թե եկեղեցին վերքաղաքական մարմին է, որն առաջնորդվում է ազգային ու պետական շահերով, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Գարեգին Երկրորդը։

«Ես այս նվիրական սրբավայրում չէի ցանկանա որևէ քաղաքական հարցերի անդրադառնալ, բայց քանի որ հարցը հնչեց, ասեմ, որ մեր համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա», - նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Ազատության» հարցին՝ արդյոք եկեղեցին չի՞ բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը և արդյոք համախմբման փոխարեն ինչ-որ պառակտող քայլեր չի ձեռնարկո՞ւմ, Գարեգին Երկրորդն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես եկեղեցու կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցությանը: Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»:

Լրագրողների հարցին էլ, թե իր հայտարարությունից հետո ի՞նչ հետևություն արեց, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց և չպահանջեցին օրվա իշխանության հրաժարականը, կաթողիկոսն արձագանքեց. «Մենք որևէ կերպով հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, մենք հորդոր ենք ուղղել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Մեր հիմնավորումները առկա են մեր խոսքի տեքստում»:

Արցախյան 44-օրյա պատերազմին վերջ դրած զինադադարից գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 8-ին, վեհափառը հայրապետը հանդես եկավ 1991 թվականից՝ Հայաստանի անկախության նվաճումից ի վեր աննախադեպ հայտարարությամբ՝ հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։

«Ազատության» դիտարկմանը՝ «տեսել ենք նախկինում, որ քննադատվում էին իշխանությունները ընտրություններ կեղծելու, Մարտի 1-ի դեպքերի և այլն, բայց չէինք լսում, որ եկեղեցին քննադատեր իշխանություններին հրապարակավ, որ, օրինակ, ինչո՞ւ են ընտրություններ կեղծվում կամ Մարտի 1-ին տեղի ունեցածի հետ կապված, ի՞նչ կարող եք ասել այս քննադատությանը», Գարեգին Բ-ն պատասխանեց. «Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, ինչպիսի իրավիճակներում իր ձայնը բարձրացնի, իր ձայնը հնչեցնի: Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում և գուշակություններով, կռահումներով չի կարող անդրադարձներ ունենալ և խոսք հնչեցնել»:

Լրագրողների այն հարցին էլ, թե ստեղծված իրավիճակում տեսնո՞ւմ է եկեղեցու մեղքը՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ եկեղեցու տարբեր հոգևորականների կապում էին ինչ-որ կոռուպցիոն գործարքների հետ, վեհափառը հայրապետն արձագանքեց. «Յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել, պետք է այդ մեղադրանքները փաստվեն, պետք է այդ մեղադրանքները հաստատվեն և այդ ժամանակ կարելի է խոսել և քննադատել, պատասխանատվության կանչել ընդհուպ նաև եկեղեցուն, եկեղեցու ղեկավարությունը: Երևույթներ, այո, իմ կողքին կանգնած է Նավասարդ Սրբազանը, Նավասարդ Սրբազանը ստացել է նվեր ինչ-որ ավտոմեքենա, «Բենթլի» ավտոմեքենա և այդ «Բենթլի» ավտոմեքենան հետագայում վաճառել է, նվիրել է գումարը կարիքավորներին: Շահարկել նման երևույթները չեմ կարծում, որ ճիշտ է: Ինչո՞ւ չի խոսվում, անդրադարձ չի կատարվում այն մասին, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի աստիճանում իրենց առաքելությունն են իրականացնում՝ անտրտունջ կերպով: Ծանոթացեք մեր եկեղեցականների կայքին և գործունեությանը, նրանց կենցաղին, նրանց վիճակին և կետսնեք՝ թերևս բարվոք վիճակում ապրող մեկ-երկու եկեղեցական կա, բայց դա բնորոշիչ է դառնալու ողջ եկեղեցականության համար»:

XS
SM
MD
LG