«Մեր համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա», - այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը՝ պատասխանելով լրագրողներին հարցին, թե շարունակո՞ւմ են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի սկզբին հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Այսօր խոսելով քաղաքականությանը խառնվելու մասին եկեղեցուն ուղղված քննադատություններից՝ Վեհափառն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում եկեղեցին իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքն ասեր՝ զգաստացնող, պատգամի կերպով բերող։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը և արդյո՞ք համախմբման փոխարեն պառակտող քայլեր չի ձեռնարկում, Գարեգին երկրոդը պատասխանեց․ - «Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից, և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի կողմնակցություն եկեղեցու՝ այս կամ այն կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»։
Վեհափառն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց նահատակների հիշատակին։