Մատչելիության հղումներ

Բաքուն հայ ժողովրդի ու Հայաստանի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, շեշտում է օմբուդսմենը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանի նախագահը և իշխանության մյուս մարմինները ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

«Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով», - ասված է Արման Թաթոյանի հաղորդագրությունում։

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ «խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է, այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը»:

«Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը» - նշված է հաղորդագրությունում։

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ, ընդգծում է օմբուդսմենը՝ հավելելով․ - «Ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները»: «Այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի», - նշում է Արման Թաթոյանը՝ հրապարակելով մի քանի ապացույց ու հայտնելով, որ մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020-ի համատեղ արտահերթ զեկույցում:

XS
SM
MD
LG