Մատչելիության հղումներ

Ըստ Դավթյանի՝ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձը երաշխիք կհանդիսանա մյուս պայմանավորվածությունների կատարման համար


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովի, Արթուր Դավթյանի և Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը Մոսկվայում, 12-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովի, Արթուր Դավթյանի և Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը Մոսկվայում, 12-ը հունվարի, 2021թ․

Չնայած հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ռազմագերիների վերադարձի հարցը չլուծվեց, բայց ռազմագերի Էրիկ Խաչատրյանի հայրն այս հանդիպումից հետո էլ հույսը չի կորցնում, որ որդին շուտով տուն կվերադառնա։

«Աստված կա վերևը, մի լավ լուր կբացի, լավ լույս կտա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանի հայրը։

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազը ռուսաստանցի գործընկերոջ նախաձեռնությամբ երեկ հանդիպել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին։ Արթուր Դավթյանը խոսել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության գերիների փոխանակմանն առնչվող 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտության մասին։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ առաջին հանդիպմանը Արթուր Դավթյանը շեշտել է՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։ Դավթյանը նաև կարևորել է մինչև գերիների վերադարձը նրանց կյանքի և առողջության երաշխավորման, այլ իրավունքների ապահովման հարցը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի, 10-ի, այսպես ասենք, համատեղ եռակողմ հայտարարության 8-րդ կետի պարտադիր կատարման մասին, որպես մնացած բոլոր պայմանավորվածությունների կամ այդ հայտարարության կետերի կատարման երաշխիք, գլխավոր դատախազի կողմից շեշտվել է, որ այդ կետի իրականացումն անհրաժեշտ է և բավարար պայմաններ կստեղծի ինչպես փոխադարձ վստահության որոշակի մակարդակի հաստատելու համար, այնպես էլ տարածաշրջանում խաղաղություն ձևավորելու համար և այդ պայմանավորվածությունների ընթացքը բնականոն իրականացնելու համար», - նշեց Աբրահամյանը։

Դատախազության ներկայացուցիչն ասում է՝ մոսկովյան քննարկման արդյունքների մասին դեռևս վաղ է խոսել։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային ռեժիմով հարցեր քննարկելու հարթակ ձևավորել։

«Ես չեմ կարող դրա մասին դեռևես ասել՝ ինչ ձևաչափով կլինի կամ ինչ բովանդակություն կլինի հետագա շփումները, այնուամենայնիվ կոնտակտ ձևավորելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռ բերվել, որովհետև նախկինում նման շփումներ երբևէ չեն եղել՝ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով», - ընդգծեց Գոռ Աբրահամյանը։

Եռակողմ այս հանդիպումներին ուշի ուշով հետևում են գերիների ընտանիքները։ Արմավիրի մարզի բնակիչ Սարիբեկ Խաչատրյանը որդու հետ չի կարողացել կապվել հոկտեմբերի սկզբից։ Պատերազմի ավարտից հետո պարզել է, որ 18-ամյա զինվոր տղան գերի է ընկել։ Էրիկին ընտանիքը ադրբեջանցիների տարածած տեսանյութերից մեկում է տեսել։ Հայրն ասում է՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի այցելել որդուն։ «Եթե Ադրբեջանը հաստատի, արդեն Կարմիր խաչն էլ կմոտենա», - ասաց Խաչատրյանի հայրը։

Թե՛ Էրիկ Խաչատրյանի, թե՛ նաև մեկ այլ գերեվարված զինվորի՝ Ռոբերտ Վարդանյանի գործով իրավապաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ չնայած Ստրասբուրգում զբաղվում են նրանց հարցով, Ադրբեջանը պնդում է, թե այս երկու զինվորներն իր մոտ չեն։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 54 գերի, Ադրբեջան՝ 14-ը։

Մինչ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե իր վերահսկողության տակ ընդամենը 5 էթնիկ հայ է պահվում՝ երկուսը զինվորական, երեքը՝ քաղաքացիական անձ, Եվրադատարանում հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանները խոսում ու ապացույցներ են ներկայացնում առնվազն 120-ի մասին։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն արդեն այս հարցի շուրջ ոչ թե պետք է բանակցի Ադրբեջանի հետ, այլ միջազգային հանրության հետ աշխատելու միջոցով երկրին պարտադրի կատարել իր իրավական պարտավորությունները։

«Քանի դեռ հայկական իշխանություններն այդ ձևաչափով նման խնդիրներ են լուծում, միջազգային հանրությունը դա ընկալելու է գործուն հարթակ, որտեղ ի թիվս այլ խնդիրների պետք է լուծում ստանան մարդասիրական խնդիրները։ Այսինքն առնվազն մեր իշխանությունները չպետք է լեգիտիմացնեն այն ձևաչափը, որտեղ խնդիրներ չեն կարողանում լուծել։ Իհարկե, կա իրավական հնարավորությունը, որը զուգահեռաբար օգտագործվում է, այն սպառված չէ», - նշեց Սահակյանը։

Իրավապաշտպանը շեշտում է՝ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հարցը, մինչդեռ մարդասիրական իրավունքը ենթադրում է գերիների շուտափույթ վերադարձ։

«Գերիների վերադարձը պարտականություն է, անկախ նրանից կողմերը քաղաքական բանակցությունների նստում են, չեն նստում, ինչպիսի փոխհարաբերություններ ունեն, ուղղակի իշխանությունները պետք է ստիպեն, որպեսզի Ադրբեջանն իրավական պարտականությունը կատարի։ Ընդ որում, իրավական պարտականությունները բանակցությունների առարկա չեն», - ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։

Ադրբեջանը, միևնույն ժամանակ, հայտարարում է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր գյուղերի դիրքերում գերեվարված 64 պահեստազորայինները հանցագործներ են և հրաժարվում է նրանց հանձնել հայկական կողմին։

XS
SM
MD
LG