Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Լաչինի (Քաշաթաղի) շրջանի Լեռնահովիտ համայնքում շուրջ 200 հեկտար հացահատիկային կուլտուրաներ՝ հիմնականում հաճար էր մշակում։ 6 տարվա աշխատանքը մեկ օրում կորցրեց. շրջանը հանձնվեց Ադրբեջանին։
«Մի ստորագրությամբ, էդտեղ նույնիսկ կրակոցներ չեն հնչել, նույնիսկ արկ չի ընկել, ուղղակի հանձնվեց։ Իմ վատագույն կանախտեսման մեջ պիտի 5 շրջանները հանձնեին, մի քանի տարի հետո 2 շրջանը հանձնեին և ամենակարևորը Լաչինի միջանցքը լիներ 30 կմ, որի շնորհիվ նաև Ծիծեռնավանքը կմնար մեզ, բայց այս տարբերակը կյանքում իմ մտքով չի անցել։ Սա իմ պատկերացրած վատագույն սցենարից էլ վատ է։ Ընդհանուր էդ բանավոր պայմանավորվածության արդյունքում ասում են 5 կմ է թողնված 30-ի փոխարեն, ու ասեմ՝ էդ 30 կիլոմետր միջանցքում բազմաթիվ գործարարներ՝ հաշվի չառնելով, որ հնարավոր է էդ հողերը հանձնել, էդտեղ ՀԷԿ-եր էին կառուցել, արտադրական տարածքներ ունեին, ու էդ ամբողջը մնաց նրանց՝ Ծիծեռնավանքն էլ բոնուս։ Իսկ էդ 30-ի մեջ դա չէր լինելու։ Լավրովյան այդ պլանով այդ 30 կիմոլետրը բավականին տարածք էր», - ասաց Հարություն Մնացականյանը՝ նշելով շոկից նոր դուրս է գալիս։
Մնացականյանը բերքի մի մասը արտահանում էր, մյուս մասն էլ՝ տեղական շուկայում սպառում։ Նրա խոսքով՝ այնտեղ ահռելի մեծ հողատարածքներ են կորցրել նաև ընկերները։ «Իմ ընեկներն էլ հողակտորներ ունեին, մինչև 2 հազար հա ընկերներս միասին՝ բոլորով իրար հետ ունեինք, պլյուս իմ 200 հա-ը։ Արտահանում էի Իտալիա, Բելգիա, արտահանել եմ Իսրայել, նաև ԱՄՆ։ Մենակ իմ հողակտորով 70 մլն տարեկան դու կորուստ ես ունենում», - ասաց գործարարը։
Հարություն Մնացականյանն, ով պատերազմի առաջին իսկ օրից կամավոր մեկնել էր ծառայության, հիմա արդեն պատրաստվում է զրոյից նոր բիզնես սկսել։ «Պետք է մտածենք՝ ինչ անենք, որ այդ ողբալի անցյալին նորից չհասնենք։ Պետք է ռեալ կշռադատենք, հասկանանք՝ ինչ հնարավորություններ ունենք, ինչ սահմանափակումներ ունենք, ինչ իրավիճակում ենք, ինչից կարող ենք սկսել, հստակ ճանապարհային քարտեզ գծենք», - ասաց գործարարը։
Պետությունը պետք է անհապաղ գործի անցնի՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար, ասում է գյուղատնտեսը։
«Պարտադիր պիտի պետությունն աջակցի, դա պետության կարևորագույն գործառույթն է, պետությունն ամեն ինչ պետք է անի՝ գյուղատնտեսության ու տնտեսության զարգացման համար։ Ի վերջո տնտեսության մեջ գյուղատնտեսության բաժինը, կարելի է ասել, 30 տոկոսն է ամբողջ ՀՆԱ-ի մեջ գումարած մինիմում 550 հազար ընտանիք աշխատատեղով պիտի ապահովեն», - ասաց Մնացականյանը։
Հարցին, թե արդյո՞ք պետությունը քայլեր ձեռնարկում է այս ուղղությամբ, գործարարը պատասխանեց. - «Բերեք չխոսեմ, առ այս պահը դեռ ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, հույս ունեմ՝ կանեն, առաջին բանը պետք է գյուղնախարարության բացումը լինի, որովհետև առանց գյուղնախարարության հստակ քայլերի, առանց ստորաբաժանումների ճիշտ աշխատանքի հնարավոր չէ»։