Վլադիմիր Բաղդասարյանն Արցախի օպերատիվ շտաբ դառնացած մտել է, դառնացած հեռանում է։ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում էին ապրում հարազատներով, հիմա «մեկը՝ այստեղ, մեկը՝ այնտեղ»։
«Երկու աղջիկս՝ Չարենցավան, մորս քուրս եկել է, տարել Ռուսաստան», - ասաց Բաղդասարյանը։
Տուն-տեղ , բնակավայր կորցրած արցախցիների համար սոցիալական տարբեր ծրագրեր են գործարկվել, դրանք առայժմ շրջանցում են Վլադիմիր Բաղդասարյանին. «Մինչև այսօր մի կոպեկ փող չեմ ստացել, ինչո՞վ ես ապրեմ, բարեկամիս աչքերին ամաչում եմ նայել»։
300 հազարական դրամ յուրաքանչյուր անձին՝ բնակավայր կորցրած արցախցիների այս ծրագիրն ընթացքի մեջ է, բայց գումարն ստացել են ոչ բոլորը։ Իշխանաձորցի Օֆիկ Առաքելյանն այդ փողին սպասում է 4 երեխաների հետ հյուրանոցի մի սենյակում։
«83 հազարները երեխաներին, բացի տղամարդկանցից, ստացել եմ, 300-ները լրացրել ենք, բայց ոչ մի նորություն չկա, բայց մենք տուն-տեղ, ամեն ինչ կորցրել ենք, ոչինչ չունենք ու չենք կարողացել հանել այնտեղից ոչինչ», - նշեց Առաքելյանը։
Աշխատանք չունեցող արցախցիների համար 68 պլյուս 15 հազարական դրամ է նախատեսված, գումարը, սակայն, չեն ստանում 18-55 տարեկան տղամարդիկ, իսկ կենսաթոշակառուներին վճարվում է գումարի տարբերությունը միայն։
Թորոս Ավետիսյանը Քաշաթաղի Սպիտակաջուր գյուղի հիմնադիրներից է՝ նա շտաբ էր եկել ավելի գլոբալ հարցերով՝ գյուղում հինգ հազար դոլարանոց ներդրմամբ ՀԷԿ ուներ, իր 36 բնակիչները՝ լույս, եկել է ներդրումը հետ ստանալու հույսով. «Ես իմ անձնական ծախսերով եմ արել»
Որքանով են աջակցության մեկ տասնյակից ավելի ծրագրերն օգնում արցախցիներին հաղթահարելու ամեն ինչ զրոյից սկսելու դժվարությունը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Ռոբերտ Մաթևոսյանը չի մոռանում Հայաստանի ու Արցախի սոցապ նախարարաների հավաստիացումները, որոնք ըստ նրա՝ չեն իրականանում։
«Հայաստանի Հանրապետության սոցապ նախարարը դեռևս դեկտեմբերի երևի կեսերին հայտարարել էր, որ 99 տոկոսով բնակիչները ստացել են արտոնությունները, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Արցախի սոցապ նախարարը հայտարարել էր, որ չի լինի որևէ բնակիչ, որը չի օգտվի իր հասանելիք արտոնություններից։ Այս պահին բնակչության գերակշիռ մասն անհանգստացած է, որովհետև ժամանակն ավարտվել է», - ընդգծեց Մաթևոսյանը։
Երկու օր առաջ լրացավ 83 հազարականների ծրագրի գրանցման ժամկետը, իսկ մեծ թվով քաշաթաղցիներ այդ գումարն այդպես էլ չստացան։ Պատճառն, ըստ Մաթևոսյանի, այն է, որ վերաբնակիչների երեխաները հաճախ հայաստանյան գրանցում ունեն։
«Ենթադրենք, գրանցում է երեխային, պատասխանը լինում է՝ նոյեմբերի 16-ի դրությամբ ձեր երեխան բնակվել է Հայաստանի Հանրապետության, ենթադրենք, Արտաշատ քաղաքում», - ասաց նա։
Արցախցի շատ երեխաների անուններ պետռեգիստրում չկան, դիմումից հետո հարցը շտկվում է ու գումարը ընտանիքի համար հասանելի է դառնում, բայց քաշաթաղցիների դեպքում համակարգն անդրդվելի է՝ վարչակազմի ներկայացուցիչը չի բացառում, որ իրավական գործընթաց կսկսի։
«Խորհրդակցել եմ, եթե կհամաձայնեն քաշաթաղցիները, որպեսզի մենք դատական պրոցես փորձենք սկսել, ապա կսկսենք», - ասաց Ռոբերտ Մաթևոսյանը։
Քաշաթաղցի Լիլիթ խաչատրյանն ավագ դստեր հետ էր շտաբ եկել, բորբոքված, ընտանիքի անդամների մի մասին 300 հազար դրամը չի հասել, չգիտի՝ ինչու, երկու ամիս է ազգականի տանն է ապրում, այժմ պետք է հեռանա։
Կնոջը խորհուրդ տվեցին զանգահարել 114՝ կացարանի համար։ Տան վարձավճարի փոխհատուցման ծրագրով Լիլիթը կարող է 60 հազար դրամ ստանալ, բայց այդքանով տուն, ասում է, չի գտնում։
«Ներկա փուլում մենք գտնվում ենք բնակչությանը 300 հազարական դրամների տրամադրման ցուցակների ճշգրտման փուլում։ Ցուցակների այն մասը, որոնք արդեն ճշգրտված են, մտցված են բազա և քաղաքացիներն արդեն ստացել են, ընթացքի մեջ է և շարունակում են ստանալ», - նշեց Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հարությունյանը։
Շուշիի շրջանի բնակիչների համար էլ մեկ այլ խնդիր կա, ասում է վարչակազմի ղեկավարի տեղակալը, կան շուշեցիներ, որ գրանցված են այլ բնակավայրերում, օգնության գումար չեն ստանում։ Այժմ շտաբում անվանացանկ են կազմում, որպեսզի կառավարություն ներկայացնեն՝ այդ բնակիչներին էլ ծրագրերում ներառելու ակնկալիքով։
Շուշեցի Մաքսիմ Հայրյանն ընտանիքի հետ Ապարանի գյուղերից մեկում է հաստատվել ժամանակավոր։ Սոցիալական ծրագրերից, ասում է, օգտվել են, ստացել են նաև սնունդ, հագուստ։ Շուշիի զորամասում մշտական աշխատանքն ու Շուշին կորցրած տղամարդը, սակայն, անորոշության մեջ էր. չգիտի՝ թե որտեղ են ի վերջո ապրելու։
Արցախի կառավարությունն արցախցիներին առանձնատների առաջարկներ է անում, 8 երեխա խնամող Հարություն Հարությունյանն անվտանգ կյանք չի պատկերացնում Արցախում։
«Մի կիլոմետր էն կողմ թուրքն է ապրում, իմ երեխան ի՞նչ խղճով գնա դպրոց, ի՞նչ խղճով ես թողնեմ իմ աղջիկ երեխան գնա դպրոց ու հետ գա։ Ամեն ծնող մտածում է իր երեխայի անվտանգության մասին, ոչ թե՝ գնամ մի հատ լավ տուն տան, ապրեմ մեջը։ Ինձ էդ պետք չի, ես ամեն ինչ ունեմ ու փառք Աստծու, կարամ ստեղծեմ նորից, եթե ինձ այստեղ մի փոքր հողակտոր էլ գոնե տան, ես իմ ձեռքով կսարքեմ, էլ ոչ մի բան չեմ ուզում ոչ մեկից», - ասաց Հարությունյանը։
Քաշաթաղի Սոնասար գյուղից Սիլվա Գրիգորյանն այժմ Բյուրեղավանում է ապրում, ասում է՝ միայն մի տեղ է պետք, որտեղ կսպասեմ որդուս. երեք ամիս է նրանից ոչ մի լուր չունի։