Մատչելիության հղումներ

Կառավարությունը կես տարով երկարաձգեց կարանտինը, բայց մեղմեց պայմանները


Կառավարության այսօրվա որոշմամբ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը Հայաստանում երկրաձգվեց ևս կես տարով՝ մինչև հուլիսի 11-ը։ Սակայն իշխանությունը որոշակիորեն մեղմել է կարանտինի պայմանները՝ օրինակ, Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձիք վաղվանից կարող են կրկին հատել հայաստանյան ցամաքային սահմանը, որը նրանց համար փակ էր անցած տարվա մարտից՝ բացառությամբ մի շարք դեպքերի՝ Հայաստանի քաղաքացիների ընտանիքների անդամների, այստեղ բնակվելու իրավունք ունեցող անձանց, դիվանագիտական ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենավարների համար և այլն։

Այսինքն երբ, օրինակ, Վրաստանն իր հերթին բացի Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը, օտաերկրյա քաղաքացիները, որոնք բեռնափոխադրումներ չեն իրականացնում, կարող են վերստին ցամաքային ճանապարհով այցելել Հայաստան։

Հաջորդ նկատելի մեղմացումը վերաբերում է հանրային միջոցառումներին. եթե ցայսօր արգելվում էր տոնական, հարսանյաց միջոցառումները, հոգեհանգիստն ու հուղարկավորությունը անցկացնել 60 հոգուց ավելի մարդկանցով, ապա վաղվանից այս արգելքը հանվում է։

4-ամսյա կարանտինը մինչև 2021թ. հունվարի 11-ն էր սահմանվել անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել էր կառավարություն։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը օրերս «Ազատությանը» փոխանցել էր, որ ելնելով միջազգային որոշ գնահատականներից՝ մինչև այս տարվա ապրիլի 1-ը Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսով պայմանավորված մահերի աճ շուրջ 1/3-րդով կամ մինչև 3 930 հոգի՝ ներկայիս 2931-ի փոխարեն: Ուստի, նախարարությունը պնդում է՝ նա՛և այս վիճակագրությունն ու վիրուսի կանխատեսվող երրորդ ալիքի բռնկումը հաշվի առնելով՝ հարկավոր է երկարաձգել կարանտինը։

Մինչ օրս գործող կարանտինի երկարաձգման դեմ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից բացի, հանդես էին գալիս հայաստանյան գործարար հանրությունը ներկայացնող միություններ՝ օրինակ, Ռեստորանների հայկական միությունը և «Մանթաշով» գործարարների միությունը։ Եթե առաջինը կառավարությանը օրերս կոչ արեց «վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները» և «դյուրացնել օտարերկրյա հյուրերի, գործարարների և զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումներ», ապա ավելի քան յոթ տասնյակ ընկերություններ միավորող «Մանթաշովը» անցած շաբաթ օրը հիշեցնելով, որ կորոնավիրուս ու պատերազմ տեսած Հայաստանի տնտեսությունը 2020-ին մոտ 8% անկում է գրանցել, հորդորեց իշխանություններին պարզապես չերկարաձգել գործող կարանտինը։

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն այսօր, մինչև կառավաւրության որոշման հրապարկվելը «Ազատությանը» փոխանցեց, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այս ժամանակահատվածը՝ կիրառելով համեմատաբար մեղմ սահմանափակումներ և առավելություն ստանալով մրցակից պետությունների նկատմամբ, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում․ - «Բոլոր ոլորտների վրա է ազդում, բայց մի շարք ոլորտներ կան, որ հենց կոնկրետ ավելի շատ է ազդում։ Հասարակ օրինակ բերեմ․ նույն ձմեռային արձակուրդների ժամանակ մի շարք մարդիկ Հայաստանից գնացին արտասահման, տարբեր տեղեր Ամանորը անցկացնելու կամ հանգստանալու։ Ո՞նց էին կողմնորոշվում։ Նայում էին, տեսնում էին որ երկրում սահմանափակումներ չկան, որ երկրում կարանտին չկա, ով որ երկիրն ընդունում ա, ըստ դրա ընտրում էին երկիր և գնում էին»։

Միրաքյանի խոսքով, առողջապահական նկատառումներից ելնելով որոշակի սահմանափակումներ, անշուշտ, հարկավոր են, սակայն ոչ այնպիսիք, որոնք առկա էին անցած չորս ամիսներին․ - «Երկրներ կային, որ հաշվարկ էին արել, որ քովիդի պատճառով առաջացած տնտեսական անկման արդյունքում մահացությունների թիվը ավելի շատ էր, քան քովիդի մահացությունների թիվը։ Այսինքն, տնտեսական անկմանը չպետք ա նայենք զուտ պարզ ֆինանսներ․․․ ստրես են տանում, չեն կարողանում վարկեր վճարել, գումար չլինելու պատճառով չեն կարողանում բուժվել տարբեր հիվանդություններից և այլն, և այլն»։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած վերջին տվյալների համաձայն, առ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162 հազար 288 դեպք, առողջացել են 149 հազար 873-ը, ներկայում բուժվում են՝ 8 հազար 782-ը, մահվան ելքերը 2 հազար 931-ն են, մահվան ելքեր այլ պատճառով 702։

Եթե հունվարի 10-ին գրանցվել է վարակի 157 դեպք, ապա օրինակ անցած տարվա հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի կեսեր օրական գրանցվում էին տասից տասնհինգ անգամ ավելի շատ դեպքեր։

XS
SM
MD
LG