Կարանտինի իրավական ռեժիմն է արդյոք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները, իր ֆեյսբուքյան գրառմամբ հարցրել է առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը նման կերպ արձագանքում է կարանտինը երկարաձգելը քննադատողներին:
Իր հարցին ի պատասխան նախարարը նշել է. «Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով, այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացման և ոչ թե հակառակը»:
Նա կոչ է արել «օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա»: «Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: Կարանտինի իրավական ռեժիմը չԷ տնտեսական դժվարությունների պատճառը, այն պատճառի դեմ պայքարի գործիքն է», - կարծում է նախարար Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը վեց ամսով երկարաձգելու Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ «Մենք դեմ ենք այդ որոշմանը: Իրականում Առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել Էկոնոմիկայի նախարարության հետ, դա առաջարկ է: Մենք դա կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանանք որոշակիորեն այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնվել, բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է և պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի», - նշել էր նախարար Քերոբյանը: