Մատչելիության հղումներ

ԱՆ-ն պարզաբանում է՝ կարանտինը երկարաձգելու նախագիծը որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք չի սահմանում


Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյան, արխիվ
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյան, արխիվ

Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը կազմակերպություններում, երեկ հայտարարել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին։

Հանրային հեռուստաընկերության եթերում Քերոբյանն ասել է, թե դեմ է կարանտինի երկարաձգմանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունն իրենց հետ նախագիծը չի քննարկել, իսկ տնտեսությանն, ըստ նախարարի, հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, և պետք է ամեն ինչ անել, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի։

Նիկողոսյանը հակադարձել է՝ կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատն անհրաժեշտ թթվածին։

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է: Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու», - հայտարարել է առողջապահության նախարարի խոսնակը։

Նիկողոսյանը նշել է, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ։ Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, ըստ Նիկողոսյանի, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ:

Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, խոսնակի համոզմամբ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:

Նիկողոսյանը հիշեցրել է՝ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

Նիկողոսյանն ընդգծել է՝ ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա։

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Կառավարությունը հավանաբար այն կհաստատի գործադիրի առաջիկա նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG