Մատչելիության հղումներ

Շուռնուխից 12 տուն վաղվանից կանցնի ադրբեջանցիներին. բնակիչներն արդեն լքել են տները


Տեսարան Շուռնուխ համայնքից
Տեսարան Շուռնուխ համայնքից

Սյունքի մարզի Շուռնուխ համայնքի 12 տներ վաղվանից կլինեն ադրբեջանական վերահսկողության տակ։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում, շուրջ 40 բնակիչ էր ապրում, բոլորն արդեն դուրս են եկել իրենց տներից։

Համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի խոսքով՝ նրանք առայժմ իրենց միջոցներով են գլխների ճարը տեսնում, բայց մարզպետարանից փոխանցել են՝ կացարանի հարցերը կլուծեն։

Գյուղապետը, Գորիսի քաղաքապետը, հայ սահմանապահներն ու բնակիչներն այսօր գյուղամիջում հանդիպում էին կազմակերպել, եկել են ընդհանուր որոշման, որ իրենց կյանքը չվտանգելու համար արդեն ադրբեջանցիներին անցած այդ հատվածը չեն հատելու, անգամ, եթե ընտանի կենդանին սովորության համաձայն գնա հին տները՝ հետևից չգնան։

«Աստված չանի, անասունն անց կացավ, հետևից գնալ չկա։ Կդիմենք մեր սահմանապահ տղաներին՝ ինչ լինի, իրենց միջոցով կանենք, թուրք գեներալն իրա բերանով հստակ ասեց՝ «մեր սահմանապահները գիտեն ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք», այսինքն՝ մեր ներքևի թաղն իրենք համարում են ադրբեջանական հող, ադրբեջանական տարածք», - ասաց համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Վարչապետի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածը։ Ի թիվս այլ վիճահարույց հարցերի, Փաշինյանը հոդվածում նաև Շուռնուխի դեպքերին է անդրադարձել, ըստ էության, նշելով, որ եթե տարածքներն առանց պատերազմի հանձնվեին, ապա պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում, իսկ այս կերպ՝ ավարտվել է հենց Շուռնուխի մատույցներում։

«Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետև Ղուբաթլուի շրջանն Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչև Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար: Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման աշխատանքները դեռ շարունակվում են։ Իսկ, թե ի՞նչ փաստաթղթերով է դա արվում, վարչապետի հոդվածում ոչ մի խոսք չկա։ Սակայն, ըստ տարբեր տեղեկությունների, Խորհրդային Միության քարտեզներով Շուռնուխի այդ հատվածն Ադրբեջանի տարածքում է։

Համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն ասում է՝ այդ դեպքում ինչպե՞ս են տարիներ առաջ Շուռնուխում բնակվող ադրբեջանցիներն իրենց սեփականության փաստաթղթերը ստացել ոչ թե Ադրբեջանից, այլ Գորիսի կադասրտից։

Գյուղապետի խոսքով՝ վաղվանից Շուռնուխի գյուղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև հեռավորությունը կդառնա շուրջ 10 մետր։

«Էդ բանակցությունները, որ պետք է կատարվեն, գոնե հիմք հանդիսանան այն փաստաթղթերի, որ ադրբեջանցի շուռնուխաբնակը անձնագիրը ստացել է Գորիսի անձնագրային բաժնից, եթե էդ տարածքն Ադրբեջանինն էր, թող Ադրբեջանից գնար ստանար իր անձնագիրը։ Իրա տան տեխնիկական անձնագիրը ստացել է Գորիսի կադաստրից», - ասաց Արշակյանը։

Անգամ, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև քարտեզագրումն արվում է խորհրդային միության քարտեզներով, դա դեռ իրավական հիմք չունի, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քարտեզագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը։

Գեոդեզիստի խոսքով՝ իր ձեռքի տակ երկու քարտեզ կա, որոնցից մեկով Շուռնուխն ամբողությամբ Հայաստանի կազմում է։

«Ես իմ ձեռքի տակ ունեմ երկու տարբեր քարտեզներ որոնցից մեկում Շուռնուխը կիսված ա, իսկ մյուսում Շուռնուխն ամբողջությամբ գտնվում է Խորհրդային հայաստանի կազմում, դրանցից որով է առաջնորդվում մեր կառավարությունը և ինչ հիմքով է դա ընդունել առաջնորդող գլխավոր փաստաթուղթ ես տեղեկություն չունեմ։ Տեղեկություններ չունեն նաև բազմաթիվ մասնագետներ և հասարակության լայն շերտեր։ 1։100 հազար մասշտաբի քարտեզն ունի 100-ից 200 մետր ճշտություն, ակրող է մինչև 200 մետր սխալ լինել, և ինձ համար, որպես մասնագետի, դժվար է դա հիմք ընդունել, բայց դա այն է, ինչ իմ ձեռքի տակ ես հիմա ունեմ», - ասաց Շահեն Շահինյանը։

Նա նամակներով բազմիցս դիմել է կառավարությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչ քարտեզներով ու ի՞նչ փաստաթղթերով են արվում սահմանների ճշգրտման աշխատանքները։

Բայց քանի որ պատասխան չի ստացել, Շահինյանն ասաց՝ մնում է ենթադրել, որ «պարունակում է որոշակի գաղտնիություն, որն ինձ համար շատ կասկածելի տարբերակ է, որովհետև կարելի է գաղտնազերծել և հրապարակել գոնե բաց մասերը,։ Իսկ երկրորդ տարբերակով՝ կարող է այն տարբերակը, որը որ ընտրվել է Հայաստան-Ադրբեջան բաժանման համար, այնքան ոչ հայանպաստ է, որ վախենում են հասարակական դժգոհությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG