Մատչելիության հղումներ

ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները


Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Փակ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել են 84-ը, որից 78-ը կողմ են եղել Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը, 4 դեմ և 2 անվավեր քվեաթերթիկ է եղել։

«Իմ քայլը» խմբակցությունից նախագիծը ներկայացրեց նույն հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, ասաց, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, ինչպես նաև նրա լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես Ազգային ժողովի խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման տիրույթում:

Որպես Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հիմնավորում Հովհաննիսյանը պատգամավոր մի շարք հայտարարություններ և նրա ֆեյսբուքյան գրառումներից մեջբերումներ հնչեցրեց. «Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: Սույն թվականի դեկտեմբերի 22-ին նույն կայքում Նաիրա Զոհրաբյանը կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը, մեջբերման սկիզբ և ներողություն մեջբերման համար. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե ուզենք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էտ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ զիջելու»»:

Ընդդիմադիր պատգամավորները նիստը բոյկոտել էին։ Ներկա չէր նաև Նաիրա Զոհրաբյանը: Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ պատգամավորը պատշաճ կերպով տեղեկացված է եղել հարցի քննարկման մասին։

Ինքը՝ Զոհրաբյանն այս գործընթացը քաղաքական հետապնդում է որակում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ասում է՝ դիմելու է Սահմանադրական դատարան. «Մինչև վերջ պայքարելու եմ հայրենիքը հանձնած դավաճանի հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր մոբիլիզացրել էր ամբողջ իր ռեսուրսը, այստեղ կատարվեց սահմանադրական հանցագործություն, Նիկոլ Փաշինյանն այսօր տվեց ինձ ամենամեծ քաղաքական կապիտալը: Ինձ համար այսօր հպարտության օր է` լինել մերժված հայրենիքը հանձնած ստահակի կողմից»:

Զոհրաբյանի տեղեկություններով` դեմ քվեարկած 4 պատգամավորներից մեկը իմքայլական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է։ Ասաց` գնահատում է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ քվեարկությանը չմասնակցելու որոշումը։ Դեմ քվեարկելու մասին ԱԺ ամբիոնից հայտնեց նաև որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը, ում համար նման նախագծի առկայությունն անգամ անընդունելի է. «Եվ ձեզ թվում է, թե արցախյան երկրորդ պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պիտի քննարկվի այստեղ, և դուք կարծո՞ւմ եք, որ հարկատուները մեզ դրա համար են փող տալիս, և կարծո՞ւմ եք, թե տարեմուտից առաջ ամենաշատը համերաշխության մասին խոսելու փոխարեն մենք այս հարցը պիտի քննեի՞նք: Նաիրա Զոհրաբյանը մի ավել, մի պակաս գրառում է արել, կարծում եմ` ընդհանուր մթնոլորտը դրանից ավելի վատը չի դարձել, ոչ էլ այդ գրառման բացակայությունն ավելի լավը պիտի դարձներ մեր կյանքը: Ես, իհարկե, դեմ եմ լինելու այս ձեր նախաձեռնությանը, որովհետև Նաիրա Զոհրաբյանն իմ լավ բարեկամն է` անկախ նրանից, որ իր շեֆի վախից գուցե ինձ չի բարևում, բայց վստահ եմ, որ նա այս խորհրդարանում, հաջորդ խորհրդարանում անելիք ունի»:

ԲՀԿ խմբակցությունը երկշաբաթյա ժամկետում հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու առաջադրելու իրավունք ունի, նախագծի հիմնական զեկուցողը այսօր հայտարարեց` եթե առաջադրում չլինի, քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը։ Մինչ այդ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կկատարի հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը։

XS
SM
MD
LG