Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած ամենակարևոր որոշումներից մեկը և թույլ է տվել խուսափել ողբերգությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ամփոփելով աշնանային նստաշրջանի արդյունքները։
Նրա խոսքով՝ եթե այդ հայտարարությունը չստորագրվեր, ապա Ռուսաստանը «անմիջական հարևանությամբ հսկայական խնդիր կստանար»: «Բայց ամենակարևորն այն է, որ մարդիկ կարող էին մահանալ, ողբերգությունը շատ լուրջ կլիներ։ Հենց նրա շնորհիվ, որ նախագահը կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին և դուրս գալ այդ լուծումների, այսօր մենք խոսում ենք իրավիճակի կարգավորման, խաղաղ գործընթացների մասին։ Դա շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ քաղաքացիների կյանքի համար, որոնց վտանգ էր սպառնում», - ընդգծել է Վոլոդինը։
Ղարաբաղյան թեման շարունակում է մնալ Ռուսաստանի քաղաքական օրակարգում, ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում ակտիվ լուսաբանում են դաշնային հեռուստաընկերությունները։ Ավելին՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ռուսական հիմնական գործակալությունները ուղիղ եթերում հաղորդում են Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, իսկ դաշնային հեռուստաընկերությունները իրենց լրատվական հիմնական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող ռեպորտաժներ են ցուցադրում։ Իհարկե, երեկ նաև ակտիվ տարածվեց Էդմոն Մարուքյանի՝ Սյունիքում երկրորդ ռուսական բազա տեղադրելու անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ «Հայաստանի ընդդիմությունն առաջարկում է Սյունիքում տեղադրել երկրորդ ռուսական բազան» վերնագրով։
Ռուսաստանցիների համար էլ ղարաբաղյան պատերազմը և դրան հետևած զարգացումները դարձել են անցնող տարվա հիմնական իրադարձություններից։ Օրերս հրապարակված հարցման համաձայն, ռուսաստանցիների մոտ 28 տոկոսը հիմնական իրադարձությունների շարքում նշել է նաև Ղարաբաղյան պատերազմը։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման համաձայն, ռուսաստանցիները անցնող տարվա գլխավոր միջազգային իրադարձություն են համարել կորոնավիրուսի պանդեմիան: Պատասխանի այս տարբերակի օգտին քվեարկել Է հարցվածների 42 տոկոսը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ խաղաղության հաստատումը (28 տոկոս) և Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունումը (25 տոկոս): Այսինքն ռուսաստանցիները ղարաբաղում խաղաղության հաստատումը ավելի կարևոր են համարել քան սահմանադրական փոփոխությունները, որոնց շնորհիվ Վլադիմիր Պուտինը մինչև 2036 թվականը իր պաշտոնում մնալու սահմանադրական իրավունք է ստացել։