Մատչելիության հղումներ

Շիրակցի 72 կամավորները տանն են, Մեծ Շենում և Հին Շենում անվտանգությունն այժմ ապահովված է, վստահեցնում է «Իմ քայլ»-ի պատգամավորը


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը զրուցում է «Ազատության» հետ, դեկտեմբեր, 2020թ․
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը զրուցում է «Ազատության» հետ, դեկտեմբեր, 2020թ․

Շուշիի Հին Շեն գյուղի մարտական դիրքերում հերթապահություն իրականացնող կամավորների 72-հոգանոց խումբը, որ ադրբեջանական շրջափակման մեջ էր հայտնվել, արդեն տուն է վերադարձել։ Խմբի անդամները Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության շիրակցի երկու պատգամավորները՝ Նազելի Բաղդասարյանն ու Սոֆյա Հովսեփյանն արդեն մի քանի օր է Արցախում են: Երեկ նրանք այցելել էին Հին Շեն ու Մեծ Շեն գյուղեր, հանդիպել շրջափակումից դուրս եկած կամավորների հետ:

Նազելի Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ շրջափակումից դուրս եկած կամավորների այս խումբը կապ չունի Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների խմբի հետ, որոնց մեծ մասը կրկին Շիրակի մարզից են։ Ըստ պատգամավորի՝ Հին Շենի հատվածում իրականացվել է մարտական հերթափոխ:

«Նախօրեին մենք այցելեցինք Մեծ Շեն և Հին Շեն հատվածում տեղակայված դիրքեր, որտեղ շուրջ 72 կամավորների կային և մոբռեսուրսի ներկայացուցիչներ։ Տեղեկատվություն ունեինք նախորդող շրջանում, որ նրանք գտնվել են կիսաշրջափակման վիճակում, և այդ իսկ պատճառով աշխատանքներ էին տարվում և՛ հայկական կողմից, և՛ արդեն ռուս խաղաղապահների հետ, որպեսզի կարողանան անվտանգ հերթափոխ իրականացնել, որովհետև ավելի քան 20 օր այդ մարդիկ հերթապահություն էին իրականացնում տվյալ հատվածում։ Երեկ բարեհաջող ուշ երեկոյան հերթափոխն իրականացվել է», - ասաց Բաղդասարյանը։

«Որպեսզի մենք ևս ապահով լինեինք անվտանգության առումով, պատգամավորներից ես և Սոֆյա Հովսեփյանը այցելել ենք այդ դժվարանցանելի հատվածները, բայց վստահեցնում եմ, որ որևէ անվտանգային խնդիր չկա, և անգամ ուշ ժամին շատ անվտանգ վերադարձել ենք։ Տեսել ենք բոլոր նրանց, ովքեր հերթափոխով վայր են իջել այդ դիրքերի հատվածներից՝ նրանք այժմ ապահով վայրում են գտնվում, բնական հերթափոխ է անցկացվել», - շարունակեց պատգամավորը՝ հատուկ շեշտելով, որ «Մեծ Շեն և Հին Շեն հատվածների տեղակայված այն մարդիկ, ովքեր այդ շրջափակման հատվածից դուրս են եկել, որևէ կապ չունեն Խծաբերդում գերեվարված 62 քաղաքացիների հետ»։

Ադրբեջանական կողմը Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհին հենակետ էր տեղադրել ու փակել ելումուտը, մինչև այդ նրանք ամրացել էին Շուշիի Բերդաձորի տարածքի բնակավայրերի բարձունքներում։ Մի քանի օր անց ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Երկու գյուղերում եղած պատգամավորի պնդմամբ՝ և՛ Մեծ Շենում, և՛ Հին Շենում անվտանգությունն այժմ ապահովված է։

«Մեծ Շեն և Հին Շեն հատվածները գտնվում են Շուշիի շրջանում և ամբողջապես վերահսկելի են մեր կողմից, այսինքն՝ գտնվում են Արցախի տարածքում։ Ճիշտ է, ճանապարհին կան տեղակայված ռուս խաղաղապահներ, բայց ես ձեզ ասեմ, որ Հին Շենում խաղաղ բնակչություն կա, և գյուղի բնակիչները՝ ընտանիքներով, երեխաներով այնտեղ են, նախօրեին մենք ձնագնդիկ խաղացող անգամ երեխաներ ենք տեսել։ Ես ապահովության տեսակետից եմ ասում, թե որքան ապահով է Հին Շենի հատվածը։ Մեծ Շենի հատվածից, որոշակի հատվածից տարհանված բնակչություն եղել է, որը օրերս կվերադառնա», - ասաց Բաղդասարյանը՝ վստահեցնելով․ - «Միանշանակ կարող եմ ասել, որ անվտանգությունը երաշխավորված է, անգամ նախօրեին բավականին ուշ ժամին մենք անվտանգ կերպով վերադարձել ենք։ Ճանապարհին տեղակայված ռուս խաղաղապահների դիրքեր կան, որևէ անվտանգային հարց արդեն չի կարող լինել»։

Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարված տասնյակ շիրակցիների հարազատների մի մասը հիմա Ստեփանակերտում են: Մյուսները տեղում սպասում են որևէ լուրի։ Մի քանի օր է հարազատները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով իրենց զավակներին:

Իշխանական պատգամավորի պնդմամբ՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում մի քանի խողովակներով աշխատում են, որ գերեվարվածների վերադարձի հարցը լուծվի․ - «Այս նախորդող օրերի ընթացքում և՛ հարազատների միջոցով, և՛ Արցախում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ, և՛ հայաստանյան ուժերը կենտրոնացնելով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, հայկական կառավարության կողմից բոլոր ներկայացուցիչները և բոլոր ուժերը համադրվել են, և հստակեցրել ենք այն 62 քաղաքացիների անունները, որոնք գտնվել են Խծաբերդում։ Հիմա տվյալ տեղեկությունը կա։ Նախօրեին հանդիպել ենք նաև Արցախի նախագահի հետ՝ այդ տեղեկությունները նաև Արցախի նախագահի տրամադրության տակ կան, և հաջորդ փուլում պետք է փոխանցվի հակառակորդների կողմին, որպեսզի հաստատեն տվյալ անունները և այնուհետև քննարկվի վերադարձի պայմանները և ժամկետները»։

«Պարզապես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն, չհանրայնացնել, չհրապարակել, որովհետև ցանկացած ավել խոսք կամ տառ կարող է վնասել այդ գործընթացին», - շեշտեց Նազելի Բաղդասարյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը դիմումներ է պատրաստում ՄԻԵԴ ուղարկելու համար, որպեսզի Խծաբերդում գերեվարվածների հարցով միջանկյալ միջոց կիրառվի։

Հիշեցնենք նաև, որ այդ նույն հատվածում 9 մարդ է զոհվել, նրանց անունները դեռ չեն հրապարակվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG