«Այլընտրանք չկա, հիմնադրամին հունվարից փոխանցվող 1000 դրամները պետք է 3000 դառնան», - «Ազատությանն» ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր հիմնադրամի 23 մլրդ դրամ դեֆիցիտը փակել, որպեսզի կարողանան փոխահատուցում տրամադրել իրենց շահառուներին, որոնց թիվը նույնպես դեռ հստակ չէ։ Ըստ Ավետիքյանի, սա նախնական հաշվարկների հիման վրա կազմված թիվ է։
Հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ կտրվածքով՝ 20 տարի ժամկետով։
Մինչ դեֆիցիտը կլրացվի 3000 դրամ պարտադիր փոխանցումների շնորհիվ, կառավարությունն «կամուրջ» կոչվող ծրագիր է մշակել, որով աջակցում է հիմնադրամին․ - «Անհայտ կորածների մասով արդեն իսկ որոշումը կայացվել է․ վեց ամիս ժամկետով տրվում է ամսական 300 հազար դրամ։ Կառավարությունը մեզ դա հատուցում է, որ մենք կարողանանք այդ վեց ամիս շարունակ այդ 300 հազարական դրամները տալ։ Իսկ ինչ վերաբերում է հաշմանդամներին կամ վիրավորներին, մենք չունենք այլ տարբերակ այդ մարդկանց սոցիալական խնդիրները երկարաժամկետում չլուծելու»։
Պաշտպանության նախարարությունը վիրավորների հստակ թիվ չի հայտնում։ Բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս տարվա սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի 1642 շահառու բնակիչ ստացել է 3211 աջակցող միջոց՝ սայլակ, քայլակ, լսողական սարք, հենակ և այլն։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընթացած պատերազմից հետևանքով հայկական կողմն ունի շուրջ 2900 զոհ, 1600 անհետ կորածներ, իսկ հաշմանդամություն ունեցողների թիվը կարող է տատանվել 2000-3000-ի սահմանում։
Մինչև այս պատերազմը հիմնադրամն արդեն 416 շահառու ուներ։ Իսկ այս պահին փոխհատուցում են տրամադրել միայն 375 զինծառայողի կամ զինծառայողի ընտանիքի, որոնք շահառու են դարձել այս նոր պատերազմի հետևանքով․ - «Անհայտ կորածներին 10 միլիոն դրամ է, այնուհետև՝ 200-300 հազար դրամ ամսական։ Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին, ապա առաջին կարգի հաշմանդամները ստանում են 10 դրամ կրկին՝ միանվագ, այնուհետև 200-300 հազար դրամ ամսեկան։ Երկրորդ կարգի հաշմանդամները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, այնուհետև՝ 100-200 հազար դրամ»։
Հիմնադրամի շահառու դառնալու և փոխհատուցում ստանալու համար պատերազմից տուժածները կամ նրանց հարազատները իրենց կարգավիճակի մասին փաստող թղթերը պետք է ներկայացնեն տեղական ինքնակառավարման մարմիններին։
44 օր ընթացած այս պատերազմի մասնակիցներից շատերի լուսանկարները տարածվում են համացանցում՝ հիմնականում ֆինանսական աջակցության խնդրանքներով։ Նշված մի քանի հեռախոսահամարներով զանգահարեցինք, շատերը չձայնագրվելու պայմանով ասացին, որ մի կերպ իրեց վիրավորներին են խնամում, ժամանակ չունեն թղթեր հավաքելու։ Իսկ հիմնադրամի գոյության մասին մեզնից էին լսում։ Ոմանք էլ կարծում էին, որ պետական օղակները պետք է մտածեն այդ մասին, հատկապես, երբ տեղյակ են իրենց համայնքում պատերազմի մասնակիցների ու նրանց խնդիրների մասին։
Օրինակ, Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ, 20-ամյա Վանիկ Հակոբյանը, ով ռազմաճակատում վիրավորվելու հետևանքով կորցրել է ոտքը, հիմնադրամի մասին տեղեկացել է իր հետ նույն հիվանդասենյակում պառկած այլ վիրավորից։
«Ազատությունն» անդրադարձել էր ծանր վիրավորված երկու եղբայրների խնդրին․ կրտսերը երկու թևերն էր կորցրել, ավագը՝ ոտքից ծանր վիրավորվել։ Նրանց մոր՝ Լիանա Սանեյանի խոսքով, պետական մարմինները պետք է գտնեն իրենց համայնքների ծանր վիրավորներին և ուղղություն ցույց տան, թե ինչպես պետք է դիմեն հիմնադրամին։ Ասաց՝ բախտակից գրեթե բոլոր ընտանիքները, զոհվածների ու անհետ կորածների հարազատները թղթեր հավաքելու ժամանակ չունեն, նրանց խնդիրները շատ-շատ են․ - «Ստեղից-ընդեղից լսելով հնարավոր է իմանանք։ Բայց ոչ մեկը ոչ մի պատասխանի չի տվել, որ ստեղից դուրս գաս, գնաս որտեղ, կամ ընտեղից որտեղ ձեզ կուղարկեն, ինչ ուղղություն կտան։ Կամ հետագայում ինչ կլինի մեր տղաների հետ․․․ Ոչ մի տեղեկություն ոչ մի պաշտոնյայի կողմից»։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով, կառավարության հետ աշխատում են, որ ծանր վիրավորում ստացածները նույնպես փոխհատուցում ստանան։ Այսինքն՝ այն վիրավոր զինծառայողները, որոնք մեծ հավանականությամբ հաշմանդամության կարգ են ստանալու, մինչ այդ կառավարության մշակած «Կամուրջ» ֆինանսավորման մեխանիզմ աջակցությամբ 6 ամիս շարունակ որպես փոխհատուցում 300 հազարական դրամ կստանան։
Ավետիքյանը հույս ունի, որ կառավարությունը հավանություն կտա 1000 դրամները 3000 դարձնելու նախագծին, իսկ ԱԺ-ն էլ այն կհաստատի։ Օրենքն ընդունվելու դեպքում, այն ուժի մեջ կմտնի մյուս տարվա հունվարի 1-ից։
Պատերազմի առաջին օրվանից մինչև այսօր զինծառայողների ապահովագրության հիմնադրամն աշխարհի 70 երկրներից որպես հանգանակություն 5,5 մլրդ դրամ է ստացել։ Սա գումարվել է պարտադիր վճարների ու նվիրաբերությունների գումարներին։ Դրանք բոլորը որպես հատուցում ուղղվում են շահառուներին։