Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը և նրանց սատարողները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել։

Այսօր նրանք մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթով գնացին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ոստիկանությունը նրանց հորդորեց ազատել երթևեկելի հատվածը և ուժ կիրառեց՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հավաքը կշարունակեն երթով, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ ոստիկանական բաժանմունքում է գտնվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երթին մասնակցում էին նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետական կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչները։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, վարչապետ Փաշինյանը, թաքնվելով ուժային կառույցների հետևում, փորձում է պահել իր իշխանությունը․ - «Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հասկանալ, որ ինքը Հայաստանում այլևս իշխանություն չունի»։

Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, թե Փաշինյանն ամեն օր Հայաստանի տարածքներ է զիջում․ - «Ամեն օր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անտարբերության է մատնում հայ մարդու ճակատագիրը։ Գերեվարված, անհայտ կորած մեր զավակների ճակատագիրը առայսօր մնացել է օդում կախված»։

Ընդդիմադիրների երթի առաջին կանգառը կառավարության շենքն էր։ Այստեղ Արթուր Վանեցյանը հայտարարեց․ - «Մենք հաղթելու ենք մեր ներքին թշնամուն և կարողանալու ենք կառուցել մեր երազած երկիրը»։

Նա բոլոր քաղաքացիներին հորդորեց դուրս գալ փողոց և միանալ պայքարին․ - «Պետք է մեկ անգամ բոլորս իրար հետ վճռական միանանք և բոլորս միասին ևս մեկ անգամ ասենք՝ Նիկոլ, հեռացի՛ր»։

Կառավարության շենքից ցուցարարները կրկին շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ակցիան ավարտվեց։

Վանեցյանը հայտարարեց, որ վաղը քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվելու են։

XS
SM
MD
LG