Մատչելիության հղումներ

Արցախում տունը կորցրած ընտանիքն անորոշության մեջ է՝ չգիտեն ուր գնան


Ղարաբաղցի Ալվարդ Զալյանի ընտանիքը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օր հետո վերադառնալու պայմանով էր դուրս եկել տնից՝ առանց հրաժեշտի։ Բայց պարզվեց՝ այլևս հետ դարձի ճամփա չունեն։ Տասնամյակների ընթացքում ստեղծածին անգամ հեռվից նայելու հնարավորություն չկա։ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղն այլևս հայկական չէ։

«Գերեզմանն էլ է մնացել այնտեղ, ես ամենաշատը դրա համար եմ վառվում, որ ես պատկերացնում եմ, որ էլ իմ երեխայի գերեզմանին էլ չեմ կարա գնամ, իմ հոր գերեզմանին չեմ կարա գնամ: Մենք ինչ սրբություններ ենք թողել այնտեղ՝ մեր մանկությունը, մեր նկարները, մեր ամեն ինչը: Մարդ պիտի իր մաշկի վրա զգա, որ իմանա, թե դա ինչ ցավ է՝ որտեղ ծնվել ես, որտեղ արարել ես, որտեղ ամեն ինչով ուրախացել ես, սաղ թողել դուրս ես եկել և չես պատկերացնում՝ այնտեղ ինչ է կատարվում», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Կինը կորցրել է ինչպես իր ու ամուսնու ձեռքով շենացրած տունն, այնպես էլ հայրական տունը հարևան Ակնաղբյուրում, որտեղ մանկությունն է անցել. «Մեր գյուղը ոնց որ քաղաք լինի. գազը նոր են գցել՝ անվճար, լույսերը կա, ճանապարհները սարքել են, նոր դպրոց երեքհարկանի, ոնց որ քաղաք լինի: Էդքան տարի սպասել ենք, արդեն մեր ապրելու ժամանակը հիմա էր, բերքահավաքը արել ենք, տանջվել ենք, ամեն ինչը սարքել են, պատրաստել ենք ձեռնունայն դուրս ենք եկել: Պատրաստի տվել ենք թուրքիան, որ ինքը վայելի»:

Դատարկաձեռն մնացած կինն աղջկա՝ Լիլիթի ընտանիքի հետ այժմ Վանաձորի նախկին մանկատան շենքում է բնակվում։ Լիլիթը մեկ ամսից երկրորդ երեխան կունենա։ Որոշել են՝ որդուն ամուսնու զոհված եղբոր անունով կկնքեն։ Առաջին երեխայի՝ Ջուլիետայի ծնվելուց հետո տուն էին գնել Շուշիում, վերակառուցել, կահավորել ու երազանքով սպասում էին իրենց երկրորդ երեխային։ Այսօր իրենք ևս անհայտ ապագայով են ապրում։ Նա մանկավարժ էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ գործող դպրոցում։

«Տուն գնեցինք այն ժամանակ, երբ իմացանք, որ հղի եմ, երկու տարի բալիկ չէի ունենում, հետո, որ իմացանք հղի եմ, տուն առանք, որ մեր բալիկը մեր տանը ծնվի: Հիմա, փաստորեն, մենք էլի անտուն մնացինք: Էս անորոշությունը մինչև անցնի, միակ մեր հույսը, մխիթարանքն այն է, որ շուտով կծնվի մեր բալիկը, մեր կյանքը նոր էջից կսկսենք ու ամեն ինչ լավ կլինի», - ասաց Լիլիթը:

«Չգիտենք, ոնց լինի, ուր գնանք: Էս էրեխուն հիմա վերցնեմ ո՞ւր գնամ: Իրա ամուսինը հիմա Ստեփանակերտում գործի ա: Երեկ զանգել ասում է՝ Լիլիթ, ի՞նչ անեմ, դուրս գամ, գա՞մ, ասում է՝ դուրս գաս, գաս ի՞նչ անես: Մի երեխա անում, մեկն էլ ծնվելու է, գա այստեղ առանց գործ ի՞նչ անի, չգիտենք՝ ինչ անենք, անորոշության մեջ ենք», - նշեց Ալվարդ Զալյանը:

Լիլիթի ամուսինն այժմ աշխատում է Ստեփանակերտում։ Ընտանիքը տրոհվել է։ Առնվազն 5 տուն կորցրած գերդաստանն անգամ վարձով բնակարան չի գտնում Ստեփանակերտում։ Վանաձորում հաստատված կանայք թերթում են լուսանկարներն ու երանի տալիս, որ կարողանան գոնե Ամանորին միասին լինել։

«Հասկանալի է, որ չենք նշելու, բայց գոնե ընտանյոք հանդերձ այդ օրը միասին լինենք, դա էլ մեր համար կլինի ամենամեծ տոնը», - նշեց Լիլիթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG