Մատչելիության հղումներ

Արցախում ծառայող զինվորների հարազատները բողոքի ցույցեր են անցկացնում


ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 28-ը նոյեմբերի, 2020թ․
ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 28-ը նոյեմբերի, 2020թ․

Այսօր կեսօրից մոտ հինգ ժամ Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացնում Արցախում ծառայող ժամկետային զինվորների հարազատները։ Նրանք պահանջում են Կառավարությունից իրենց որդիների ծառայության վայրն Արցախից տեղափոխել Հայաստան, իսկ ժամկետայիններին փոխարինել այլ, օրինակ՝ պայմանագրային զինծառայողներով։ Բացի այդ, նաև պահանջում են արձակուրդ տալ մարտական գործողություններին մասնակցած և դեռ դիրքերում գտնվող իրենց զավակներին՝ առողջական խնդիրները լուծելու համար։

Պահանջների շուրջ երկար և բուռն քննարկումներից հետո ցուցարարները կազմեցին իրենց դիմումը և սկսեցին ստորագրել՝ Կառավարությանը փոխանցելու համար․ - «Պահանջում ենք, որ Հ1-ի առաջ վարչապետը ասի, թե զորքերին հետ բերելո՞ւ են, թե՞ չէ, այսինքն՝ ժամկետային ծառայողներին հետ բերելո՞ւ են, թե՞ չէ։ Երկրորդ կետով՝ արդյո՞ք պատրաստվում են նրանց փոխարինել 10-օրյա ժամկետում, 10 օր ենք տալիս, հակառակ դեպքում՝ բոլոր ծնողները պատրաստ ենք ձեռնարկել այլ, կտրուկ քայլեր, որոնք չեն բխում ՀՀ այս պահին ստեղծված իրավիճակից, սակայն ստիպված կլինենք կիրառել, ինչ կանենք՝ դա մեր գործն ա։ Մենք ասում ենք, չես անի՞՝ պաշտոնական հայտարարի, դրանից հետո մենք ինչ կանենք՝ մեր գործն ա»։

Թեև զինծառայողների հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրանց պատվիրակությանն ընդունեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Որոշ ժամանակ անց զինծառայողների ծնողների մի քանի հոգանոց պատվիրակությունը դուրս եկավ՝ պատասխանով. ժամկետային զինծառայողների ծառայության վայրը փոխել հնարավոր չէ, նրանք շարունակելու են իրենց ծառայությունը Արցախում, իսկ նոյեմբերի 9 ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը, թե հայկական զինուժը պետք է դուրս բերվի, վերաբերում է միայն այն հատվածներին, որոնք անցնում են Ադրբեջանի տիրապետության տակ, մյուս մասում զինծառայողները շարունակելու են իրենց ծառայությունը։ Իսկ արձակուրդի հարցը կարելի է քննարկել։

«Մեր բոլորիս պահանջն էր, որպեսզի մեր երեխաներին Ղարաբաղից բերեն այստեղ, Հայաստան, բայց իրենք որոշել են այդպես, որ մեր երեխեքը դեռ պետք է ծառայեն այնտեղ, այսինքն՝ սրանից հետո էլ է բանակ գնալու Ղարաբաղ ծառայելու։ Միայն կարող ենք բերել 10 օրվա արձակուրդի ձևով», - փոխանցեց հանդիպման մասնակիցներից մեկը։

Այս պատասխանը հավաքվածներից ոչ բոլորին գոհացրեց, ոմանք հայտարարեցին, որ իրենք վաղը կմեկնեն Արցախ՝ հանդիպելու Պաշտպանության բանակի ներկայացուցիչներին, մյուսներն ասում էին՝ այստեղ կփորձեն հարցը լուծել՝ «դռներ ծեծելով»։

Որոշվեց ցույցը շարունակել երեկոյան՝ Պաշտպանության նախարարության մոտ։

Մշակույթի գործիչները պահանջում են ժամ առաջ լուծել գերիների վերադարձի և զոհվածների դիերի դուրսբերման խնդիրները

Զուգահեռաբար՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել էին մի խումբ մշակույթի գործիչներ, նրանց պահանջն էր՝ ժամ առաջ լուծել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների դուրսբերման խնդիրները։ Իրանց ձայնը լսելի դարձնելու համար կոչ արեցին թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից հարյուրավոր նամակներ գրել միջազգային կազմակերպություններին, տարբեր կառավարությունների, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրվի, և գերիների վերադարձի հարցը լուծվի։

Հավաքին մասնակցում էր նաև դերասան Հրանտ Թոխատյանը։ «Էսօրվա մեր հավաքի բուն իմաստը մեր այն տղաներն են, մեր այն զինվորներն են, որոնք էսօր գտնվում են գերության մեջ, ու ամեն վայրկյանը նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Որովհետև, կարծում եմ, շատերն են տեսել հազար ու մեկ տեսանյութ, տեսել են խոշտանգումները։ Դրա համար, եթե այսօր ձայն չբարձրացնենք, ամբողջ աշխարհով մեկ չգոռանք, ոչինչ չի ստացվի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դերասանը։ Հարցին՝ Հայաստանի կառավարությանն ուղղված պահանջներ կա՞ն, նա արձագանքեց․ - «Ոչ, ես Կառավարությունից էլ պահանջելու բան չունեմ»։

Երաժիշտ, երգչուհի Էմմա Պետրոսյանն ասաց․ - «Մենք պարտավոր ենք բարձրաձայնել, մենք պարտավոր ենք բղավել, մենք պարտավոր ենք անել բաներ, որոնք նույնիսկ տրամաբանությունից դուրս են, բայց մենք այլևս իրավունք չունենք լռելու»։

Մշակույթի գործիչների բողոքի ցույցերը լինելու են շարունակական, վաղը Ազատության հրապարակից կմեկնարկի երթ՝ զոհված զինծառայողների և անհետ կորածների լուսանկարներով։ Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքի ավարտից հետո մասնակիցների մի մասը գնաց Կառավարության շենքի մոտ՝ միանալով ժամկետային զինծառայողների ծնողների ցույցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG