«Դաշնակցության» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կառավարության շենքի մոտ կեսօրից հետո շուրջօրյա անժամկետ հացադուլի նստեց՝ մեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Ամեն քաղաքացի ինչ-որ քայլ պետք է ձեռնարկի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ հեռանա, ժամ առաջ հեռանա իշխանությունից, որովհետև չի կարող պատերազմ տանուլ տված, թշնամու բոլոր պահանջները բոլոր պահանջները գլխիկոր կատարած մարդը վայրկյան անգամ ղեկավարի երկիրը և փորձի ապագայում էլ բանակցել», - ասում է Մանուկյանը:
Իր օրակարգում, հայտարարել է վարչապետը, հրաժարականի հարց չկա, մի քանի օր առաջ էլ հրապարակել իրավիճակը հաղթահարելու կես տարվա գործողությունների ծրագիր։ Շարադրված 15 կետերի մեջ խոսք չկա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մտադրության մասին։ Պատերազմի անհաջողություններից հետո ներկայացրած ծրագրի նպատակը, պնդել էր Փաշինյանը, կայունության ապահովումն է։ Փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները, սակայն, իրենց պահանջներից չեն հրաժարվում։
«Դաշնակցությունը» մեկն է 16 կուսակցություններից, որ պատերազմը դադարեցնելու հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր է սկսել։ Կա՛մ հրաժարական, կա՛մ պաշտոնանկություն, իսկ հետո, ըստ նրանց, Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ, ձևավորի պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։
Մեկ շաբաթ է անցել այս հայտարարությունից, բայց մինչև հիմա չեն հստակեցրել՝ ով է վարչապետի իրենց թեկնածուն, ովքեր՝ կառավարության այն անդամները, որոնք, ինչպես պնդում են, կարող են կորուստները նվազագույնի հասցնի:
«Երբ որ հասնի փուլն այն կետին, թե ովքեր են լինելու ժամանակավոր կառավարությունում, որի չափորոշիչները նաև ճանապարհային քարտեզում կան` ազգային միասնականությունն ապահովող, արտաքին հարաբերություններով կտրուկ գործողություններ իրականացնող և Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ հայտարարության խութերը վերացնել փորձող, հայտարարության նույնիսկ տեքստի հիման վրա Հայաստանին և Արցախին ձեռնտու քայլեր և տարբերակներ որդեգրող, իր այդ մասնագիտական կարողություններով համապատասխանող, վստահաբար թեկնածուներ շատ կլինեն», - ասում է Մանուկյանը:
«Ազատության» հարցին, թե այս պահին, այնուհանդերձ, կարելի է ասել, որ չունե՞ն որոշում, նա պատասխանեց. «Ոչ, այս պահին որևէ թեկնածուի անուն չի հրապարակվում»:
«Պայմանավորվածություններից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի»,- ասել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իրենք չեղարկելու մասին չեն խոսում, այլ՝ փոփոխությունների, այսօր պնդում էր Գեղամ Մանուկյանը։
Հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում հնարավորինս փոփոխության ենթարկել առանց հրաժարվելու, այսինքն` ի՞նչը կարելի է փոխել, ՀՅԴ ներկայացուցիչն ասում է. «Շատ բան: Արձանագրված չի` Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչեմ, նախկին Ինքնավար Մարզն ինչպես է լինելու, Հադրութի շրջանն ինչպես է լինելու, նույն Քարին տակը, հազար ու մի տեսակ հարցեր կան, որոնք, նորից եմ ասում, չի կարա այդ մարդը, շատ դժվար է և անհնար է, որ Ադրբեջանի դեմ այս իշխանության ներկայացուցիչը նստի և բանակցի: Ուղղակի դժվար է մարդկայնորեն»:
Գեղամ Մանուկյանի հետ կառավարության շենքի մոտ նաև մեկ այլ դաշնակցական է հացադուլի նստել՝ Գարիկ Ավետիսյանը։ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արձագանքել հացադուլավորների պահանջին։