Շրջանցելով Մինսկի խմբին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ, որով զիջեց Արցախի 75 տոկոսը, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն՝ ընդգծելով՝ նկատի ունի, թե՛ ազատագրված տարածքները, թե՛ բուն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հատվածը։
Մինասյանի խոսքով՝ պարտված առաջնորդն այլևս ի վիճակի չի լինելու բանակցությունների ընթացքում պաշտպանել հայկական շահերը։
«Մենք չենք ձգտում իշխանությունն ամեն գնով վերցնելու, ավելին՝ մենք ասում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ դու պետք է հեռանաս, դու դավաճանել ես այն բոլոր նպատակները, որով երկուսուկես տարի առաջ եկար իշխանության և պարտության տանելով երկիրն այսօր դու պետք է քո տեղը զիջես մի մարդու, մի անձի, ով կկարողանա այս շրջափուլում իրականացնել հայկական շահերի պաշտպանության արդյունավետ քաղաքականություն», - ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։
Հարցին, թե ո՞ւմ պետք է զիջի Փաշինյանն իշխանությունը, Մինասյանը պատասխանեց․ - «Մեր առաջարկը շատ պարզ է․ մենք ասում ենք քաղաքական մեծամասնությունը պառլամենտում պետք է ընտրի այնպիսի անձի, ով առաջին՝ ի վիճակի է Ռուսաստանի հետ վարելու արդյունավետ բանակցություններ և երաշխավորելու որպեսզի պատերազմ չվերսկսվի, երկրորդ՝ այդ անձը չի կարող լինել այսօրվա իշխող քաղաքական ուժից, որովհետև հենց էդ ուժն է բերել էս վիճակի, երրորդ՝ այդ անձը պետք է հանրության ներսում ստեղծի համերաշխության միջավայր, մթնոլորտ և շատ կարճ ժամանակ հետո մինչև առավելագույնը վեց ամսվա մեջ, արտահերթ ընտրություններով ձևավորվի Հայաստանի իշխանությունը։ Ժողովուրդը, ընտրողները պետք է ձևավորեն այն իշխանությունը, որը հետագայում պետք է ամբողջ ծավալով մտնի բանակցություների մեջ»։
Դիտարկմանը, թե «Դաշնակցությունն էլ է ունեցել պարտության նման էջեր, երբ հակառակորդ ուժերն այնքան զորեղ են եղել, որ Առաջին հանրապետությունը չկարողացավ դիմակայել այդ ամենին՝ 70 հազար քառակուսի կիլոմետրից ընդամենը 30 հազարը մնաց» և հարցին, թե չի՞ կարծում, որ նույնը հիմա է կատարվում, Մինասյանը պատասխանեց․ - «Դրա համար Դաշնակցությունը զիջեց իշխանությունը 1920 թվականին, ընդ որում առանց որևէ կրակոցի զիջեց։ Խնդիրն այն է՝ մենք առաջնորդվո՞ւմ ենք ազգային շահով, թե՞՝ ոչ, եթե մեր նպատակն ամեն գնով աթոռը պահպանելն է, կարող է ինչպես վերջին ժամանակահատվածում ակնարկվում է, քաղաքացիական պատերազմ հրահրի իշխանությունը, դա՞ է տարբերակը, դա՞ է ճանապարհը»։
Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված ավելի քան 40 օր ձգված պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո 17 կուսակցություն, այդ թվում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ