Մատչելիության հղումներ

Բայդենը մտադիր է պետքարտուղարի պաշտոնում առաջադրել Էնթոնի Բլինքենին


Էնթոնի Բլինքենը ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնում, 2016թ․
Էնթոնի Բլինքենը ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնում, 2016թ․

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պետքարտուղարի պաշտոնում առաջադրել Էնթոնի Բլինքենի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

58-ամյա Բլինքենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է պետքարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: CNN-ը նշում է, որ 2014 թվականին դիվանագետը առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում:

Բլինքենը նաև մասնակցել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին։

Բլինքենն այն ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում Բայդենը կարող է առաջադրել Լինդա Թոմաս-Գրինֆիլդի թեկնածությունը, ով Օբամայի նախագահության տարիներին պետքարտուղարի օգնականն էր:

Բայդենի ներկայացուցիչն առայժմ հրաժարվում է հաստատել այս լուրերը, հնարավոր է՝ թեկնածուների առաջադրման մասին ընտրյալ նախագահը հայտարարի նոյեմբերի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG