Մատչելիության հղումներ

«Քինում ենք Ճարտար՝ մեր տները, պա ինչ անիմ». 88-ամյա Պայծառ տատը վերադառնում է տուն


88-ամյա Պայծառ Բալայանը որդու հետ ճամփա էր ընկնում իրենց տուն՝ Ճարտար։ Հենց լսել է Արցախ մեկնող ավտոբուս կա, իրերը հավաքել է։ էլ չեն կրակում, ասում է, Ճարտարն էլ մերն է։

«Մեր տները Ճարտար ա», - ասաց Պայծառ տատը:

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքն էլ է Ադրբեջանի թիրախում եղել։ Իրենք էլ կրակի տակ ապրել են մինչև վերջին մեկ շաբաթը: Հինգ օր առաջ են Երևան եկել։ Պայծառ տատն ասում է՝ մինչև գալն իրենց տունն էլ կանգուն էր:

Եթե հայտարարել են՝ զինադադար է, անվտանգ էլ կլինի, ասում է որդին՝ Ալեքսանդր Առուստամյանը: Ծանոթներին զանգել, ճշտել է՝ վերադարձողներ կան: «Ինչ վախենալ, որ ասում են՝ զինադադար ա, ուրեմն անվտանգ ա: Անվտանգ ա, գնում ենք մեր տները: Գնացող եղել ա, 2-3 օր ա արդեն գնում են Ճարտար, ուրիշ գյուղեր», - ասաց նա:

«Ճարտարում տուն, հող անասուն ենք թողել, այստեղ մնանք՝ ի՞նչ անենք», - հարցնում է 88-ամյա ճարտարցին։ Գիտի՝ հիմա կռիվ չկա, բայց անվտանգ էլ չէ։

Կացարանում են լուրեր լսել՝ ցանկացողները այսօրվանից կարող են վերադառնալ Արցախ, Երևանի քաղաքապետարանի մոտ ավտոբուսները սպասում են։ Ալեքսանդր Առուստամյանն էլ ձեռնափայտով մի կերպ քայլող մոր հետ տաքսիով շարժվում էր ավտոբուսների հասցեով։ Ավելի ուշ մենք էլ հասանք այնտեղ։ Որևէ ավտոբուս չտեսանք։ Պարզվեց՝ չի էլ եղել։

Մինչդեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն էր տարածել, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քննարկել ու որոշել են, նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիները կարող են վերադառնալ։

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ ավտոբուսները վաղվանից են մեկնելու: Ավելի քան 100 հոգի արդեն հերթագրվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG