Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում պահանջում են վարչապետի հրաժարականը


Ազատության հրապարակում17 կուսակցություն հանրահավաք է անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ ամբիոնից Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց այն քայլերը, որով նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնի իշխանությունը: Այսպես, քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»:

Այստեղ հանրահավաքի կազմակերպիչները վարչապետին մեղադրում են «հողերը հանձնելու համար»: 17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ:

Սկզբում փոքրաթիվ քանակով էին մարդիկ հավաքվել, ոստիկանությունը զգուշացրեց, որ երկրում ռազմական դրություն է, և այդ պայմաններում արգելվում է հանրահավաք անել, անցնակցել, դրան մասնակցել: Մի խումբ քաղաքացիների այդ հիմնավորվմամբ բերման ենթարկեց, նրանց թվում էին «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ:

Չնայած դրան հրապարակ եկան հանրահավաքի մասնակից մյուս կուսակցությունների ղեկավարները` Վանեցյանը, Դաշնակցությունից ներկայացուցիչներ, որից հետո այս հավաքն ավելի բազմամարդ դարձավ, և այստեղ ուժային կառույցները կենտրոնացրին մեծ թվով ոստիկաններ:

Քիչ առաջ էլ գլխավոր դատախազությունն էր հայտարարություն տարածել` հիշեցնելով, որ ռազմական դրության պայմաններում արգելվում է հանրահավաք անելը, որից հետո ԲՀԿ-ականները հայտարարեցին` Ազգային անվտանգության ծառայություն է տեղափոխվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարթակից հայտարարեց, թե այսպիսով փորձում են հանրահավաքը կազմակերպած կուսակցություններին մեղադրել պետական հեղաշրջման մեջ և ձերբակալել: Ապա պաշտոնականտեղեկություն տարածվեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է հրավիրվել ԱԱԾ: Երեկ կեսօրին ԲՀԿ ղեկավարը, «Հայրենիք» կուսակցության նախագահն ու ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել էին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո հայտարարություն տարածեցին, թե անվերապահ աջակցում են Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին, կոչ արեցին ժողովրդին պահպանել հանդարտություն և հանգստություն. Հայաստանը դեռ պատերազմի մեջ է:

Ապա հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք:

XS
SM
MD
LG