Անցած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը կռվել են սպառազինության մատակարարման տոտալ բլոկադայի պայմաններում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Այն, որ գրեթե մեկուկես ամիս տևած պատերազմի ընթացքում, երբ բազմիցս թիրախավորվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, խաղաղ բնակավայրերը, պաշտոնական Երևանին աջակցող անգամ մեկ հայտարարություն չհնչեց Հայաստանի դաշնակիցներ համարվող երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, շատերը ուշադրություն դարձրեցին, բայց որ անցած շաբաթներին Հայաստանը պատերազմել է սպառազինության մատակարարման տոտալ բլոկադայի պայմաններում` լինելով ՀԱՊԿ անդամ և Մոսկվայի դաշնակից, նորություն է։
«Այնպիսի իրավիճակ է եղել, այսինքն` աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման առումով, մատակարարումների առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայում: Այն, ինչ որ կատարվել է թիկունքային ապահովման, և մարտական, և սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը», - ասել է նախարարը:
Փոխարենը, ըստ Տոնոյանի, Թուրքիան մինչ պատերազմը և ռազմական գործողությունների ընթացքում մեծապես աջակցել է Ադրբեջանին. «Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի` Ադրբեջանի զինված ուժերին գերսպառազինված, և եթե ինձ կարող են հարցնել` իսկ ինչո՞ւ դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով ես կարծում եմ` Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի հնարավորությունները անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության տեսանկյունից, ինչպես նաև հրամանատարական կազմի առումով` փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների: Չենք մոռանում նաև մեծաքանակ, հազարավոր բանակ վարձկանների, այսպես ասած` վարձկան-ահաբեկիչների: Դա բավականին մեծ ուժեր են, որին դիմակայել է մեր բանակը, մեր պաշտպանական բանակը և պատվով է դուրս եկել»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով` նման իրավիճակի պատճառն այն է, որ, օրինակ, ռազմատեխնիկական համագործակցության առումով Հայաստանը գրեթե ամբողջությամբ կապվել է Ռուսաստանին, և այս իրավիճակը չփոխվեց հեղափոխությունից հետո. «Մենք ամբողջությամբ կապել ենք մեր անվտանգությունը, մեր ռազմատեխնիկական համագործակցությունը, գրեթե ամբողջությամբ կապել ենք Ռուսաստանի հետ: Սա ի՞նչ է նշանակում: Եթե Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով ուզենա, որ մենք զիջումների գնանք, մատակարարումը դադարեցվեց, դադարեցվեց: Միտքումս ինչո՞ւմ է. այն, որ մենք այլընտրանքներ չստեղծեցինք, դա ստեղծեց մեզ համար պրոբլեմներ: Ռուսաստանի մոտ առաջացան շահեր, հետաքրքրություններ Թուրքիայի հետ, դա է պատճառը, որ իրենք ամենածանր պահերին ոչ մեզ աջակցեցին, երբ որ մեզ ռմբակոծում էին, ոչ էլ մատակարարեցին զենք պատշաճ կարգով: Ուրեմն, առաջին պրոբլեմը հայ-ռուսական հարաբերություններն են, որ մենք կապեցինք մեր անվտանգությունը մեկ խաղացողի հետ: Ի համեմատ Հայաստանի` նայեք` ինչ արեց Ադրբեջանը, Թուրքիա, Պակիստան, Ուկրաինա, Բելառուս, Իսրայել, նույն Ռուսաստան: Իրենք համագործակցում էին ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պետությունների հետ: Դա է պատճառը, որ նույնիսկ եթե Թուրքիան ուզենար մերժել Ադրբեջանին աջակցելը, պարզ է` չէր ուզենա, ու աջակցում էր շատ լուրջ Թուրքիան, բայց նույնիսկ եթե ուզենար, Ադրբեջանն այլ տեղերից զենք կստանար»: