Մատչելիության հղումներ

Հայաստանում միակարծիք են, որ պետք է այսօրվանից սկսել աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ունենալով իրատեսական ակնկալիքներ


Լավ կլինի, որ նախընտրական խոստումն իրականություն դառնա, և ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը հիշի քարոզարշավի ժամանակ մրցակից՝ դեռևս ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչած քննդատությունը Ղարաբաղի հարցով․ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Սոս Ավետիսյանը։

Նախըտրական փուլում Բայդենը Միայալ Նահանգների ղեկավարությանը հորդորում էր ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը:

Իշխանական պատգամավոր Ավետիսյանը այդուհանդերձ զգուշավոր է՝ պատերազմը Արցախում դեռ շարունակվում է, իսկ Բայդենը նախագահի պարտակությունները կստաձնի մյուս տարի հունվարի 20-ին․ - «Եվ մինչև այդ նա իրականում որևէ տենց լծակներ դեռ չի ունենա։ Այն, որ դեմոկրատների վարչակազմի մոտ կարող է լինել որոշակի հետաքրքրություն, կարող է լինել և կա այդ ընկալումը, բայց բոլոր լուծման ուղղված քայլերը, որպես կանոն, համաձայնեցված են լինելու բոլոր համանախագահող երկրների հետ։ Սա լավ պլատֆորմ է՝ եթե ժամանակավրեպ չլինի, նաև Ռուսաստան – ԱՄՆ հարաբերությունների համար, որովհետև մենք տեսնում ենք, որ կա փոխըմբռնում ըստ երևույթին Ֆրանսիայի նախագահի և Վլադիմիր Պուտինի միջև։ Երեք համանախագահող երկրներն էլ պաշտոնական մակարդակում, օրինակ, ֆիքսել են, որ գոյություն ունեն ահաբեկիչներ, որոնք բերված են եղել Սիրիայից։ Սրանք սաղ կարևոր հարցեր են»։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր էլ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին։ Իր ուղերձում Հայաստանի վարչապետը կարևորել էր Նահանգների դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ Միացյալ Նահանգների 46-րդ նախագահին շնորհավորելիս ընդգծել է․ - «Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն և կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար»:

Այդուհանդերձ, ցանկացած ուժ ունի իր շահերը։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահ է, որ ամեն ինչ կախված է Հայաստանից, թե ինչպես կկառուցի հետագա դիվանագիտական կապերը․ - «Ակնկալել, որ մի երկրում կգա իշխանություն և նա կլինի հայանպաստ կամ հայամետ, դա պարզապես պարապ խոսակցություն է։ Յուրաքանչյուրն ունի իր շահը, և մենք պետք է փորձենք մեր շահերը համադրել այդ երկրի շահերի հետ, փորձել գտնել ընդհանուր երկխոսության եզրեր»։

«Բայդենից պետք է ակնկալել էական փոփոխություն, բայց դրա համար ժամանակ կպահանջվի», - երեկ է «Կիրակնօրյա վերլուծականում» կարծիք էր հայտնել վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ նրա, այս ընտրությունները Հայաստանի համար ցանկալի ժամանակ չեղան։ Ընտրված նախագահ Բայդենն իշխանության կգա հունվարի վերջին, իսկ դա նշանակում է, որ մինչև այդ քիչ բան կարող է անել դժվարին վիճակում հայտնված Արցախի պայքարին օգնելու, ինչպես նաև քաղաքականություն փոխելու առումով․ - «Այդուհանդերձ, ի տարբերություն նախկին որևէ նախագահի ընտրվելու ժամանակաշրջանի, ենթատեքստը փոխվել է, Միացյալ Նահանգները գործ ունի մի Թուրքիայի հետ, որն ավելի քիչ է ներկայանում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, և ավելի շատ՝ որպես տարածաշրջանային անկայության պատճառ։ Այնպես որ, ես ավելի շատ եմ հավատում ընտրված նախագահ Բայդենի խոսքերին ու խոստումներին։ Երկրորդ, նրա նոր փոխնախագահը նույնպես Կալիֆորնիայից է, հայկական հարցերի վերաբերյալ լավ նախապատմություն ունի։ Պետք է ակնկալել էական փոփոխություն, բայց դրա համար ժամանակ կպահանջվի։ Իսկ մենք սպասելու ժամանակ չունենք»։ Պետք է պահանջել ոչ միայն հայտարարություններ, ավելացնում է փորձագետը՝ ընդծելով․ - «Թեպետ ընտրված նախագահ Բայդենի՝ փոփոխություններ կատարելու ունակությունը դեռ սահմանափակ է, բայց իրական է այն ընկալումը, թե ինչ է նշանակում Բայդենի վարչակազմը Թուրքիայի և Ադրբեջանի համար: ԱՄՆ-ը տարիներ շարունակ անջատված է եղել միջազգային օրակարգից, և ահա հիմա ժամանակն է իրականում վերադառնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմունքներին։ Եվ առավելությունը, որ այստեղ ունենք, Արցախի խնդիրն է։ Ղարաբաղյան հակամարտությունը միակ խնդիրն է, որտեղ Ռուսաստանն աշխատում է Արևմուտքի հետ, ոչ թե ընդդեմ Արևմուտքի։ Ավելի մեծ համագործակության հիմքեր կան այս համատեքստում՝ ուրիշների գործերին միջամտող Թուրքիային դուրս մղելու համար»։

Նկատենք, որ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ փորձագիտական շրջանակում միակարծիք են, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ արդեն այսօրվանից պետք սկսել աշխատել՝ ունենալով իրատեսական ակնկալիքներ։

XS
SM
MD
LG