Մատչելիության հղումներ

«Տուն-տեղ թողել, եկել ենք, օգնեք մի էժան վարձով տուն գտնենք», - 75-ամյա հադրութցին դիմում է կամավորներին


«Մի հատ տուն ճարեք, թեկուզ վարձով, գնամ, մինչև էս արանքում պարզվի՝ ինչ ա լինելու, ես էլ կինս էլ հետ ենք գնալու Ղարաբաղ», - Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղից Երևան հասած 75-ամյա Վլադիկ Պողոսյանը դիմում է կամավորներին, թե կարող են մատչելի գնով մի վարձով տուն գտնել իր բազմանդամ ընտանիքի համար։ Հարսի, կնոջ ու երեք թոռների հետ Երևան են եկել պատերազմի սկսվելուց օրեր անց։

«Ես ուզում եմ տուն ճարեմ, գնամ, չեմ կարում ճարեմ, թանկ են, շատ թանկ են՝ 120-160, տեղ կա 200 հազար են ասում, ես էլ ընդամենը ստանում եմ զինվորական թոշակ՝ 80 հազար փող, 50 հազար էլ կինս ա ստանում», - ասաց Պողոսյանը:

Այստեղ հարազատի տանն են ապրում, ասում է՝ գոհ են, բայց կռիվը երկարում է, ընտանիքը մեծ է, առանձին կացարանի կարիք կա. «Տուն-տեղ թողել ենք, անասուն, ամեն ինչ թողել եկել ենք»:

Ավագ որդին՝ Արման Պողոսյանը վիրավորվել է պատերազմի առաջին օրերին, դեռ հիվանդանոցում է, գյուղի դպրոցի տնօրենն է, սահման է մեկնել պատերազմի հենց առաջին օրը։ Մյուս որդին էլ ապրիլյան քառօրյայում է զոհվել։ Արցախյան պատերազմում էլ ինքն է վիրավորվել։

«Պողոսյան Ռոման փոխգնդապետ, հրետանու պետ, ինքն էլ գնացել էր Լենինգրադ, սովորել, ոսկի աստղով եկել ա հասել Ստեփանակերտ ու ապրիլի 2-ին գնացել ա, որ զինվորներին փրկեն, զոհվել ա», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

75-ամյա հադրութցին վստահ է՝ Երևանում կարճ են ապրելու, հենց պատերազմն ավարտվի իրենց գյուղ է վերադառնալու։ Ամենից շատ նեղսրտում է, որ այստեղ գյուղացիներին չի հանդիպում, լուր չունի՝ տունը կա-չկա։ «Մեկը չկա, որ զանգեմ, ասեմ՝ գյուղից ի՞նչ խաբար ունես, տարել են, չեն տարել, վառել են, չեն վառել», - ասաց Վլադիկ Պողոսյանը:

Հենց կացարանի հարցով էր Պողոսյանը գնացել Շենգավիթում բացված օպերատիվ շտաբ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացել՝ Երևանում գործող շտաբը զբաղվելու է այստեղ տեղափոխված արցախցիների սոցիալական խնդիրներով։ Վլադիկ Պողոսյանն էլ իր խնդրի մասին տեղեկացրել է, սպասում է։ Մտահոգ է՝ դիմողները շատ են, խնդիրները դժվար թե արագ լուծվեն, իսկ առջևում ձմեռ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG