Առողջապահության նախարարության քովիդ ծառայությունները համակարգող Գևորգ Սիմոնյանի փոխանցմամբ, հոսպիտալացման ենթակա 650 հիվանդ զրկված է հիվանդանոցում բուժօգնություն ստանալու հնարավորությունից․ - «Հիմնական խնդիրը թթվածնով ապահովելն է բոլոր ծավալվող մահճակալները։ Էնտեղ երկու հիմնական խնդիր կա․ մեկը անմիջապես մոնտաժային աշխատանքներ իրականացնելը, որպեսզի ամեն մահճակալի մոտ թթվածնային ելք լինի, մյուսը բուն թթվածնի արտադրությունն է, որպեսզի այդ թթվածինը համակարգի միջոցով հասնի բուժառին»։
Այսօրվա տվյալներով, թեստավորվածների կեսից ավելին՝ 2374 մարդ վարակված է եղել։ Վերջին մեկ շաբաթվա օրական հաստատված դեպքերի ցուցանիշը գրեթե նույնն է։ Ըստ Առողջապահության նախարարության, ծանր վիճակում է ավելի քան 8 հարյուր հիվանդ, ծայրահեղ ծանր է 178-ի վիճակը։ 75 հոգի միացված է թոքային օդափոխման սարքին։
Չնահանջող բարձր ցուցանիշների պատճառով հիվանդանոցներում արդեն թթվածնի դեֆիցիտ կա, ահազանգում է Գևորգ Սիմոնյանը․ - «Ներկա բարձր թվերը եթե շարունակական լինեն, և մենք չհասցնենք ծավալվել, չհասցնենք թթվածնային դեֆիցիտը լրացնել, կունենանք առողջապահական կոլապս, ինչը ենթադրում է, որ կունենանք բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներ ոչ դասական իմաստով։ Այսինքն՝ իրենք ոչ թե ինչ-որ ծանր, խրոնիկ հիվանդություններ ունեն, այլ իրենք շնչահեղծ են լինում տանը, ու պարզապես հնարավոր չի հոսպիտալացնել, որովհետև բոլոր տեղերը արդեն զբաղված են մյուս քաղաքացիներով»։
Քովիդի բուժմամբ այս պահին զբաղվում է 25 հիվանդանոց։ Եթե նույնսիկ հնարավոր լինի այս թիվն ավելացնել, ապա ինչպե՞ս լուծել թթվածնի դեֆիցիտի ու սահմանափակ քանակով բուժանձնակազմի հարցը․ - «Սյս պահին կա թթվածնի դեֆիցիտ, այո։ Մենք ունենք թթվածին կախյալ հիվանդներ, դեռևս հասցնում ենք օրվա կտրվածքով բոլորին հոսպիտալացնել, բայց հաշված օրերին ընթացքում, ինձ թվում է, չենք հասցնի։ Չնայած զուգահեռ բացվում են ևս քովիդ կենտրոններ, և գուցե դրանց հաշվին մի փոքր էլի բուֆեր ունենանք»։
Քովիդ ծառայությունները համակարգող Սիմոնյանն ասում է հիվանդությամբ բուժմամբ զբաղվող երկու տասնյակից ավելի հիվանդանոցներից ութը ունեն թթվածնային կայաններ, տեղում արտադրում են։ Մյուսներին մատակարարում են արտադրողները։
Վարակվածության աճող տեմպերի պատճառով լրջագույն խնդրի առաջ են բուժհաստատությունները, քանի որ մատակարարները թթվածին դժվարությամբ են հասցնում։ Իսկ եթե այս տեմպը պահպանվի, դա արդեն անհնար կլինի։
Քովիդի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից վեցին թթվածին մատակարրում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, նախկին ֆիզիկայի ինստիտուտը։ Ինստիտուտի գլխավոր ինժեներ Միքայել Մարտիրոսյանն ասում է, որ վերջին մեկ ամսում 24 ժամյա ռեժիմով են աշխատում, արտադրածը նույն օրը սպառվում է․ - «Սպառումը ահռելի մեծացել է։ Ես կարող եմ մի փոքր համեմատություն անել մեր մասով, որ այն պիկի (հունիս-հուլիս) համեմատ մոտավորապես 2-3 անգամ բարձրացել է։ Պահեստավորել չենք հասցնում, ինչ արտադրվում է, արդեն թղթի վրա բաշխված է, և երբ որ կետը հասնում է, ասենք, մի քանի հարյուր կիլոյի կամ տոննայի, արդեն գիտենք, որ մեքենան հեսա գալիս տանում է»։
Մարտիրոսյանի խոսքով, թթվածնի պահանջարկն արդեն վկայում է համաճարակային իրավիճակի սրման մասին, ինչը հաջորդել է պատերազմին։ Հանրությունն անտեսում է հակահամաճարակային կանոնները, ինչը անհետևանք չի մնացել։ Օրինակ, թթվածնի մեծ պահանջարկի պատճառով իրենք չեն կարողանում որոշակի քանակ պահեստավորել։ Իսկ դա նշանակում է, որ եթե տեխնիկական վթար լինի, վարակակիրներով ծանրաբեռնված հիվանդանոցներն ուղղակի կզրկվեն թթվածնից․ - «Նամանավանդ պատերազմի ժամանակ պետք է ավելի զգոն լինել և դրանով օգնել ճակատին, որ էստեղի հիվանդությունների քանակը նվազի։ Ինչը մեզանից է կախված, մենք անում ենք ու կանենք։ Երբեմն մի քանի սուտկայով տուն չեն գնում մարդիկ, որովհետև գիտեն, որ դրանից կախված է ինչ-որ մեկի կյանքը»։