Մատչելիության հղումներ

Փաշինյանի և Պուտինի միջև «հեռախոսազրույցները տեղի են ունենում ամենօրյա կտրվածքով»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հեռախոսազրույցներ տեղի են ունենում գրեթե ամեն օր, «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 1-ին Փաշինյանի և Պուտինի, ապա երեկ Պուտինի և Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները։

Մանե Գևորգյան
Մանե Գևորգյան

«Չեմ կարող շատ մանրամասներ հաղորդել հեռախոսազրույցից, բայց կարող եմ ասել, որ նման հեռախոսազրույցներ գրեթե ամեն օրվա կտրվածքով տեղի են ունենում վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև։ Հաշվի առնելով, որ ամենօրյա կտրվածքով հեռախոսազրույցները տեղի են ունենում, և դրա մասին և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել իր հարցազրույցներում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահն է հայտարարել «Վալդայ» ակումբի իր ելույթում, զուտ հաշվի առնելով դա, որ արտառոց հեռախոսազրույց չի տեղի ունեցել՝ մենք հաղորդագրություն չենք տարածել», - ասաց Գևորգյանը։

Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդում պաշտոնական Մոսկվան կամ պաշտոնական Բաքուն։

Մինսկի խմբում համանախագահող երկրներից Ռուսաստանն այս պահին ամենաակտիվն է, ասում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ չնայած դիվանագիտական ճակատում շարունակվող ակտիվ աշխատանքին, այս պահին ամեն ինչ որոշովում է ռազմաճակատում․ - «Ինչ դիվանագիտական իրադարձություններ են եղել, և դրանցից ամենակարևոր երեքը, բնականաբար, երեք պայմանավորվածություններն էին հրադադարի վերաբերյալ, որոնք չիրականացան մի շատ պարզ պատճառով, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և չեն պատրաստվում դադարեցնել իրենց հարձակումները, և Ադրբեջանը նպատակ ունի ամբողջությամբ գրավել Արցախը։ Այս ֆոնին, այո, բնականաբար, արդեն բոլորի համար պարզ է, որ այս պահի դրությամբ ամեն ինչ կախված է ռազմադաշտից»։

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ամբողջությամբ կատարել է և շարունակում է կատարել, վստահեցնում է Ռուբինյանը՝ նշելով, որ նաև մեկնարկել են 1997 թվականի կնքնված «Համագործակցության և փոխադարձ աջակցության» պայմանագրով նախատեսված աջակցության տեսակների և չափի շուրջ խորհրդակցությունները։ Հենց այս պայմանագրին հղում կատարելով էր Փաշինյանը անցած շաբաթավերջին նամակ հղել Պուտինին՝ Հայաստանին աջակցության տեսակները և չափը սահմանելու հարցով խորհրդակցություններ սկսելու առաջարկով։

«Սա պետք է դիտարկել՝ վարչապետի դիմումը, Ռուսաստանի պատասխանը և խորհրդակցությունների մեկնարկը, որպես մի նոր, կարևոր գործընթացի սկիզբ՝ իր հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով», - ասաց Ռուբինյանը։

Քաղաքական մեկնաբան Ստեփան Գրիգորյանի կարծիքով, մինչդեռ, Ռուսաստանը թեև գործընկերային հարաբերություններ և դրական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, այնուամենայնիվ պատերազմում կտրուկ աջակցություն չի ցուցաբերում հայկական կողմին․ - «Կտրուկ աջակցություն չի տալիս մեկ շատ հասարակ պատճառով․ շատ մեծ արժեք է այսօր, այս պահին Ռուսաստանի համար Թուրքիան։ Պետք է անկեղծ ասենք՝ նորից Ռուսաստանի համար շահերը կապված Թուրքիայի հետ գերակշռում են այն շահերի համեմատ, որը կապված է Հայաստանի հետ»։

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

Այս համատեքստում Գրիգորյանը չի բացառում, որ այժմ Ռուսաստանը շփումների ու բանակցությունների ընթացքում փորձում է որոշակի զիջումներ ստանալ Հայաստանից Արցախի հարցում Թուրքիային սիրաշահելու համար։ Սակայն քաղաքագետը հավելում է, թե որքան շատ լինեն հայկական ուժերի հաջողությունները մարտի դաշտում, այդքան ավելի մեծ կլինի Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին․ - «Ու է՛լ ավելի այդ հաջողությունները եթե զարգանան, և ես կասկած չունեմ, որ կզարգանան, կբերեն նրան, որ նույնիսկ Ռուսաստանի դիրքորոշումը կսկսի լինել ավելի օբյեկտիվ, ավելի ընդունելի մեզ համար։ Շատ լավ է, որ համախմբածությունը և՛ քաղաքական ուժերի, և՛ հասարակական, և՛ փորձագիտական շարունակվում է, շատ լավ է, որ սփյուռքահայությունը շարունակում է պայքարել, բանակը և կամավորները իրենց գործը կանեն։ Միանշանակ, ես հանգիստ եմ։ Դա նաև Ռուսաստանի դիրքորոշումը ի օգուտ մեզ կամաց-կամաց կուժեղացնի»։

Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Գրիգորյանը վստահ է, որ Ռուսաստանը չի ցանկանում տեսնել Արցախը հայաթափված։ Այս առումով Հայաստանի և Ռուսաստանի նպատակները համընկնում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG