Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն ասում է, որ քննարկումներն արդեն սկսված են, վստահեցնում է Անդրանիկ Քոչարյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին` հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է, որ դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն` ՌԴ-ն անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Այս հարցերին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադառնում է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Անդրանիկ Քոչարյան - Ըստ էության, բնականաբար բոլորին էլ հասկանալի է, որ խորհրդատվությունների սկիզբը նշանակում է քննարկել անվտանգությանը վերաբերող, առաջին հերթին Հայաստանի սահմանների անվտանգային գործիքակազմին է վերաբերում, և քանի որ գրոհայինները և ադրբեջանական բանակի դիվերսիոն խմբերը կարողացել են թափանցել, ընդհուպ մինչև մոտեցել են Հայաստանի սահմաններին, բնականաբար մարտական գործողությունների ընթացքում լինում են նաև հրթիռակոծումներ, նաև անօդաչու թռչող սարքերի թափանցում արդեն Հայաստանի տարածք, հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածներ են հասցվում նաև Հայաստանի գյուղերին: Դա միայն հարավային սահմանը չի, նաև այդպիսի գործողություններ եղան հյուսիսային սահմանում, Վարդենիսի տարածքում, և բնականաբար Հայաստանի վարչապետը նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնությանը` սկսել խորհրդատվություններ 97 թվականի մեր համապատասխան պայմանագրի շրջանակներում, որը շատ տրամաբանական էր:

Խորհրդատվությունները կամ գործընթացը կարևոր է այն առումով, որ դա իր մեջ ընդգրկուն, տեսանելի և ոչ տեսանելի գործընթացների սկիզբ է ներառում:

Մոսկվան ասում է, որ մարտական գործողությունների մասին եթե ունեք նպատակներ կամ երազանք, հաշվի առեք, որ Ռուսաստանի ներկայությունն արդեն գոյություն ունի թեկուզ խորհրդատվական կարծիքի տեսքով, բայց իրականում գործում է այն պայմանագրի շրջանակներում, որը Հայաստանը և Ռուսաստանը կնքել են 97 թվականին, և մնացած բոլոր այն պայմանագրերով, որը ներառում է մեր երկու երկրների անվտանգային համակարգը:

«Ազատություն» - Այսինքն` Դուք վստա՞հ եք, որ սա փաստորեն նշանակում է, որ ռուսական կողմն ասում է` այո, սկսենք քննարկումները:

Անդրանիկ Քոչարյան - Այո, ռուսական կողմն ասում է, որ քննարկումներն արդեն սկսված են, գործնական ինչ զարգացումներ կունենան, դա կյանքը ցույց կտա` կապված ռազմական գործողությունները Հայաստանի սահմանների մատույցներում ինչպիսին կլինեն: Եվ բնականաբար այդ գործողությունները ինչքան էլ մեր սահմանների մատույցում են և վերաբերում են Արցախի Հանրապետությանը, այնուամենայնիվ Ռուսաստանը Հայաստանի հետ ունի գործընկերային, անվտանգությանը վերաբերող պայմանագրեր, որոնք կատարվելու են անկախ որևէ երկրի ցանկությունից կամ չցանկությունից:

XS
SM
MD
LG