Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին՝ նշելով, որ Ռուսաստանը կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի անմիջական տարածք:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը նամակ էր հղել Ռուսաստանի նախագահին և առաջարկել անհապաղ խորհրդակցություններ սկսել՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար ՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:
«Ազատությունն» այս թեմայով զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Մոսկվան ասում է՝ պետք է տեղափոխվի Հայաստանի տարածք, նոր այդ օգնությունը կլինի, բայց վարչապետն իր նամակում նշել էր, որ մարտական գործողությունները Հայաստանի սահմանին են մոտեցել, ավելին՝ Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ ինչ-ինչ ոտնձգություններ են տեղի ունեցել:
Ստեփան Գրիգորյան. - Նախ, ինչքան ես հիշում եմ, Կապանը, Վարդենիսը, Մեղրին, դա Հայաստանի տարածքն է: Միգուցե Ռուսաստանում դա չգիտեն, ուղղակի պետք է հիշեցնել: Ռմբակոծվել են և՛ Վարդենիսը, և՛ գյուղերը, և՛ Կապանը, և՛ Մեղրիի սահմանապահները, այդ թվում՝ ռուսական: Չեմ հասկանում էլ ի՞նչ է սպասում Ռուսաստանը, բայց լավ է՝ գոնե այդ պատասխանը տվեց:
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, կարո՞ղ ենք սա համարել, որ Մոսկվան այսպիսով մերժեց Երևանի խնդրանքը:
Ստեփան Գրիգորյան. - Ես չեմ կարծում, որ դա մերժում է, չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետը դիմեց նախօրոք չճշտելով դիրքորոշումը Ռուսաստանի: Ես կարծում եմ, որ ինքը դիմեց ու մինչ այդ կոնսուլտացիաներ կային, Ռուսաստանն իմ կարծիքով աջակցում, այնուամենայնիվ, կտա, բայց գրեթե ամբողջ աշխարհում քննարկվում է այդ հարցը, որ Ռուսաստանը վստահելի պարտնյոր չի, Ռուսաստանն աջակցող չի: Մենք պետք է շեշտը դնենք, պետք է ասենք՝ իրո՞ք դուք աջակցում եք, թե՞ ինչ-որ խաղեր եք տալիս: Ուրեմն պարոն վարչապետի ուղերձը ճիշտ էր, ժամանակին էր, միգուցե մեկ-երկու օր շուտ կարելի էր անել, բայց կասկած չունեմ, որ չհամաձայնեցված էր Ռուսաստանի հետ ու հույս ունեմ, որ Ռուսաստանն այս ձևի ֆորմալ պատասխաններով չի բավարարվի:
«Ազատություն». - Հիշեցնենք, որ Դուք ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն եք եղել և այդ փաստաթղթին դառնալով, ինչը որ վարչապետը վկայակոչում է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, որի 2-րդ հոդվածն է վկայաբերել, որտեղ նշվում է, որ զինված հարձակման սպառնալիք պետք է լինի, ինքնիշխանությանը սպառնացող վտանգ, տարածքային ամբողջականությանը և այլն, սա այդ դե՞պքն էր:
Ստեփան Գրիգորյան. - Այո, այն դեպքն էր: Այստեղ շատ կարևոր նյուանս հնչեցրիք՝ սպառնալիքի դեպքում, նույնիսկ անպայման չի, որ սկսեն Հայաստանի դեմ ռազմական գործողություններ: Առաջինը Ադրբեջանը սկսեց, բայց նույնիսկ եթե չսկսեր սպառնալիքի դեպքում էլ Ռուսաստանը պարտավոր է, դա շատ կարևոր կետ է: Նիկոլ Փաշինյանի նամակում հղում արվեց հոդված 2-ին, ինչի մասին է ասվում, եթե Հայաստանի տարածքային ամբողջականության վտանգ կա, Ռուսաստանը պարտավոր է, մեզ աջակցել ու հակառակը, եթե Ռուսաստանի վրա զինված հարձակում լինի, մենք պարտավոր ենք օգնել: Հոդված 2-ում նախատեսվում է սկսել կոնսուլտացիաներ, որ չափը աջակցության, զինված աջակցության, այդ ամեն ինչը սկսեն քննարկել: Ես խորհուրդ կտամ դրա ժամանակ հղում անել նաև 3-րդ կետին, որտեղ հղում կա նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին՝ կոլեկտիվ պաշտպանությանը: Դա էլ առնչվում է այսօրվա վիճակին, քանի որ մեզ վրա հարձակվեց ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան, ես չեմ ասում, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, դա էլ կարող են գումարել:
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, կարծում եք, որ անկախ Ռուսաստանի այս պատասխանից խորհրդակցությունները աջակցության շուրջ կսկսվե՞ն:
Ստեփան Գրիգորյան. - Ես կասկած չունեմ, ուղղակի Ռուսաստանը նույնիսկ եթե ուզենա մերժել, չեմ կարծում, որ ուզում են մերժել, նույնիսկ եթե ուզենային մերժել, պարտավոր էին սկսել, հակառակ դեպքում այդ պայմանագրերը ոչ մի արժեք չեն ունենա: