Մատչելիության հղումներ

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում». Մոսկվայում չեն բացառում Արցախում կռվող վարձկանների Ռուսաստան թափանցելու վտանգը


ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտով, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտով, արխիվ

Ռուսաստանի նախագահն այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական անգամ քննարկել է ղարաբաղյան խնդիրը։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել է նաև ահաբեկչության հետ կապված իրավիճակը Եվրոպայում։

Ռուսաստանի արտգործնախարարությունում չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան:

«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի», - այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում, կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը:

Հիշեցնենք, պաշտոնական Մոսկվան բազմիցս հնչեցրել է ղարաբաղյան պատերազմին ահաբեկիչ վարձկանների մասնակցության վերաբերյալ իր խորը մտահոգությունները, սակայն Ռուսաստանի կողմից տարածաշրջանում հակաահաբեկչական հնարավոր գործողությունների մասին խոսում են միայն փորձագետները, ընդ որում՝ այժմ ոչ այնքան ակտիվ, ինչպես երկու-երեք շաբաթ առաջ։

Կրեմլի խոսնակն այսօր պատասխանել է նաև Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ հարցին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլիներ «ամենաօպտիմալ որոշումը»:

Սա, իհարկե, միանգամից տարածել են ռուսական բոլոր լրատվական գործակալությունները, սակայն Պեսկովն այսօր խուսափել է հստակ պատասխան տալ լրագրողների հարցին՝ Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության հնարավորությունը։

Դմիտրի Պեսկովը նախ հերթական անգամ ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում են հայտնվում բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»: Հարցին էլ՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը հակամարտության գոտի ուղարկել իր խաղաղապահներին Ադրբեջանի համաձայնության դեպքում, Վլադիմիր Պուտինի խոսնակն արձագանքել է. - «Այստեղ ես ինչ-որ հնարավոր դատողություններ հիմա ինձ թույլ չեմ տա»: Նա հավելել է, թե Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկում է հնարավոր կարգավորման հետ կապված հարցերի ամենալայն շրջանակ։

Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահը մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային: Վլադիմիր Պուտինը նորից ասել է, որ հակամարտությունը սկսվել է բախումներից Սումգայիթում և Ղարաբաղում, և որ սա էթնիկ հակամարտություն է, բացի այդ, ներկայացրել է խնդրի կարգավորման առնչությամբ Ռուսաստանի դիրորորոշումը՝ վերադարձնել Ադրբեջանին «5+2 շրջաններ», ապահովել Ղարաբաղի համար հատուկ ռեժիմ և կապ Հայաստանի հետ։ Բացի այդ, Պուտինը երեկ նաև հայտարարել է, թե խնդրի կարգավորմանը կարող են մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ միայն համանախագահ, այլ նաև անդամ երկրները, մասնավորապես՝ Թուրքիան։

Մինչդեռ երեկ Մոսկվայում էր Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ով ժամանեց Բաքվից, որտեղ Ադրբեջանի ղեկավարության՝ այդ թվում նախագահի հետ քննարկել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման Իրանի մշակած բանաձևը։ Մոսկվայում Արաղչիին ընդունել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը, և Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում նշված չէ, որ ռուսաստանցի և իրանցի դիվանագետները քննարկել են ղարաբաղյան խնդիրը։ Մինչդեռ Իրանի ԱԳ փոխնախարարը Մոսկվա էր ժամանել հենց ղարաբաղյան կարգավորումը քննարկելու։

Հիշեցնենք, Իրանը Մինսկի խմբի անդամ չէ։

XS
SM
MD
LG