Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով կան տուժածներ, ավերված տներ


Ստեփանակերտում առավոտյան միացած օդային տագնապի ազդանշանը դադարեց գրեթե մեկուկես ժամ անց: Վնասները քաղաքի տարբեր հատվածներում են, փողոցներից մեկում էլ գրեթե հիմնահատակ ավերվել է տներից մեկը: Ներսում մարդիկ չեն եղել, սակայն հարևանությամբ գտնվողները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

«Էս կողքի տունն է եղել, վիրավորվել է գլխից էս հարևանը, ինքն աշխատում ա հիվանդանոցում, առավոտ շուտ եկել է տուն, գլխից վիրավորվել է, տարել են նորից հիվանդանոց: Առավոտը ժամը 8-ին էտ դեպքը պատահել ա, տանը մարդ չի եղել:

Ում տանը ընկել է, համ բժիշկ է մանկական, համ էլ պատգամավոր է: Իր ամուսինը կռվող է, առաջին կռվում էլ է եղել, երկրորդ կռվում էլ է հիմա, զանգել եմ, ասել եմ, եկել ա տեսել, նորից գնացել: Ասում ա` մի բան պատահած չլինի մարդկանց: Առաջ գնանք, կտեսնենք` 3 տունն էլ ավերվել է», - պատմում են տեղացիները, ապա շարունակում. -«Ինքնաթիռ ա եղել, էստեղ մեծ տուն ա եղել` բետոնով սարքած, պինդ տուն է եղել, սաղ փլվել ա…

Բայց կապ չունի, մին ա` չենք վախում 100 տոկոս: Մեր մեջ ուժ կա, ինչ-որ ուժ ա տվալ Աստված, և պիտի հաղթենք, ուրիշ բան չկա»:

Ադրբեջանական կողմը Ստեփանակերտին հարվածներ էր հասցրել «Սմերչ»-ի հրթիռներով, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվել է նաև կեսօրին:

Այսօր օդային տագնապ էր միացել նաև Արցախի մյուս բնակավայրերում` Ասկերան, Մարտունի և Մարտակերտ: Այդ քաղաքներում Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ավիացիա են կիրառել, ոչ առաջին անգամ: Ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության` բնակավայրերում ավերածություններ կան: Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան։

«Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ», - այս մասին հայտարարել է Արցախի արտակարգ իրավիճակների գերատեսչությունը:

Այսօր հրթիռակոծվել է նաև Շուշին, կան տուժածներ: Ղազանչեցոց եկեղեցուն մոտ բազմաբնակարան շենքն է լրջորեն վնասվել: Ապակիներն են կոտրվել, պատշգամբները կիսով չափ փլուզվել, տանիքի մի հատվածն է պոկվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG