Մատչելիության հղումներ

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ, շեշտում է Երևանը


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը: Այս մասին հայտարարում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հակադարձելով Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարությանը:

«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը», - ընդգծում է Նաղդալյանը:

«Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը:

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունում:

Հիշեցնենք, Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Սիրիայից ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչներ տեղափոխելու մասին հայկական կողմի, միջազգային հանրության և հեղինակավոր լրատվամիջոցների մեղադրանքները պաշտոնական Անկարան և Բաքուն հերքում են, նաև պնդում, թե օտարերկրյա գրոհայիններ են կռվում հայկական կողմից:

XS
SM
MD
LG