Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմի վերաբերմունքը ռազմագերիների նկատմամբ, ըստ Արման Թաթոյանի, նույնպես պատերազմական հանցագործություն է


Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիներից մեկի հայրն անհամբեր սպասում է հումանիտար հրադադարի հաստատմանը, որպեսզի որդին ողջ ու առողջ տուն վերադառնա։

Ասում է՝ թող հակառակորդի գերիներն էլ անվնաս հասնեն իրենց ծնողներին, բայց ընդգծում է մեկ տարբերություն՝ Հայաստանում ադրբեջացնի ռազմագերիներին վիրահատում են, Ադրբեջանում հայ ռազմագերիներին ծաղրում են, ստորացնում և այլն․ - «Ո՞նց կարելի ա գերու հետ վատ վարվել․․․ Ես էսօր մենակ ոչ թե պայքարում եմ իմ էրեխու համար, ես պայքարում եմ բոլոր մեր հայ ազգի համար։ Կապ չունի, որ իմ էրեխեն, ասենք, էսօրվա դրությամբ, գերի ա ընկած կան եսիմ ինչ ա, որովհետև այնտեղ կան ևս շատ տասնյակ գերիներ։ Նույն իմ էրեխեքն են, ոչ մի տարբերություն ես չեմ գտնում։ Ցավում եմ դրա համար։ Ու լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Պատերազմը դադարի, բոլոր էրեխեքը գնան։ Թե՛ մեր կողմի էրեխեքը հասնեն իրենց ծնողներին, թե՛ իրանցը»։

Գերության մեջ գտնվող տղայի հայրը պատմեց, որ անասելի բարի ու քաջ է իր որդին, ռազմաճակատ գնալիս մեկ րոպե անգամ չի հապաղել։ Թե ինչպես ու երբ է ադրբեջանցիների մոտ հայտնվել՝ չգիտի։ Պատերազմի առաջին օրերից կարողացել են ռազմաճակատում գտնվող որդու հետ կապ հաստատել, միայն մեկ բառ լսելու համար՝ լավ եմ։ Օրեր անց կապն ընդհատվել է։ Հետո հարազատներն ադրբեջանական կայքերում որդու տեսանյութն են տեսել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ սա միակ դեպքը չէ․ ադրբեջանական կայքերը ողողված են հայ ռազմագերիների այդպիսի տեսանյութերով, որտեղ նրանց ստիպում են հայ զինվորի պատվին ու արժանապատվության դեմ արտահայտություններ անել։ Թաթոյանի գնահատմամբ, դա նույնպես պատերազմական հանցագործություն է Հայաստանի և Արցախի գերիների նկատմամբ, միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի խախտում է․ - «Սկսվում է, ադրբեջանական տիրույթները երբ մենք ուսումնասիրում ենք, խրախճանքը։ Դա էլ կապված է ուղիղ ատելության հետ։ Սա ևս մեկ անգամ բորբոքում է ատելություն, սրանով ևս մեկ անգամ ցուցադրվում է ատելության այն բարձր ծավալը, որ կա․ պետական մակարդակով աջակցություն ունեցող ատելություն, երբ քաղաքական իշխանությունների մակարդակով խրախուսվում է հայասպանությունը։ Այստեղ նույնպես խոսքը գնում է պատերազմական հանցագործությունների մասին»։

Թաթոյանը «Ազատությանն» ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ ադրբեջանցիները նաև ապօրինի տիրանում են հայաստանցի ու արցախցի ռազմագերիների սոցցանցերի էջերին, սկսում դրանք կառավարել, ընկերներին տեսանյութեր ուղարկել, որոնք հաճախ նաև բռնության տեսարաններ են լինում։

Օմբուդսմանը խորհուրդ է տալիս զգույշ լինել, չտարածել ռազմագերիների էջերից ստացվող նամակները, քանի որ այդ էջերով հակահայկական քարոզչական բովանդակություն է տարածվում։

ՄԻՊ գրասենյակն արձանագրում է այդպիսի դեպքերը, իրավական գնահատականներ տալիս և միջազգային կառույցներին ուղարկում․ - «Մեր նպատակն է հստակ ամրագրել այն հանցավոր արարքները, որ կան, դրանց ճշգրիտ իրավական որակումները տալ և ուղարկել նաև միջազգային կառույցներին։ Ընդ որում, ես ոչ միայն խոսում եմ միջազգային կազմակերպությունների մասին, այլ երբ մենք ուղարկում ենք, ուղարկում ենք նաև բոլոր դեսպանություններին, միջազգային լրատվամիջոցներին, ուղարկում ենք ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի և Եվրամիության բոլոր պատգամավորներին, շատ լայն սփռում ենք ապահովում։ Եվ հետո, իհարկե, փորձում ենք իրենց հետ կապը ապահովել։ Հավատացեք, սա մեծ նշանակություն ունենում է, երբ դու իրականն ես ներկայացնում»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում պահվող հայաստանցի և արցախցի ռազմագերիների մի մասին կազմակերպության ներկայացուցիչները տեսնելու հնարավորություն ունեցել են, այդ մասին հաղորդել են։ Իսկ այն դեպքերը, որոնց մասին հետո լրատվամիջոցներից և հարազատներից են տեղեկանում, ուսումնասիրում են։

Հարցին, թե արդյոք Կարմիր խաչը կարողանում է երաշխիքներ ստանալ, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիները ողջ կվերադառնան հայրենիք, Ամատունուն պատասխանեց․ - «Երաշխիքը բավականին լուրջ հարց է իսկապես, որովհետև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մշտապես երկխոսության մեջ կողմերի հետ հիշեցնում է իրենց պարտավորությունների մասին՝ բավականին հետևողականորեն ստանալով տեղեկություններ այս կամ մյուս անձի հետ կապված, փորձել հաստատումը ստանալ պահող իշխանության կողմից անմիջապես, որպեսզի հնարավորություն ստանա դիմել և այցելել նման անձանց։ Սակայն ինչ վերաբերում է անձանց ճակատագրին, մանրամասն ինֆորմացիա այս պահին շատ դժվար է ասել։ Մենք չունենք կիսելու տվյալներ էս պահին՝ հանրային հարթակում ամեն դեպքում։ Կարող եմ վստահ ասել, որ ցանկացած տեղեկություն, որ ստանում ենք, մենք հետևողականորեն փորձում ենք ճշտել դրանց իսկությունը, դրանց հանգամանքները և ստանալ համապատասխան հաստատումը իշխանությունների կողմից։ Մինչև այդ հաստատումը մենք չենք ստանում, հետագա ճակատագիրը անձանց բավական դժվար է հաստատ որոշարկել, հասկանալ ինչ է կատարվել այդ մարդկանց հետ, որտեղ են նրանք հիմա և ինչ վիճակում են»։

Հայկական կողմը պաշտոնապես Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերու մասին է հաղորդել։ Հայաստանն ադրբեջանցի ռազմագերիների մասին առայժմ ստույգ թիվ չի հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG