Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենի համոզմամբ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պե՛տք է այցելեն Արցախ


«Ազատության» տաղավարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։

«Ազատություն» - Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, եթե չեմ սխալվում, միայն Amnesty International-ն է, որ անդրադարձավ Ստեփանակերտի հրթիռակոծությանը, գնահատական տվեց։ Պարոն Թաթոյան, նրանք կաշկանդվա՞ծ են այցելել Լեռնային Ղարաբաղ։ Օրինակ, ՄԱԿ-ի կարծես հենց սա է պատճառ բերում, որ իրենք չեն գնում Ստեփանակերտ, քանի որ միջազգայնորեն չճանաչված տարածք է։

Թաթոյան․ - Ամեն օր կապի մեջ եմ։ Ես իրենց էլ ասում՝ կոչերի ժամանակը չի, վերջ, սա ինչ-որ բան չի, որ որևէ տեղ մի հատ կոնֆերանս է ընթանում, մենք գնանք մեր ելույթը ունենք, կոչ անենք, դադարի։ Կոնկրետ ամեն օր կոնկրետ վնասվածքներ են հասցվում խաղաղ բնակիչներին՝ մարդիկ են սպանվում, երեխաներ են վիրավորվում, կանայք են սպանվում և այլն։ Եվ պետք է անհապաղ գործուն միջոցներ գործադրել։ Եվ դրա կարևորագույն, գործուն եղանակներից մեկն է այցելը Արցախ։ Կարևոր է, որ միջազգային կազմակերպության ներկայացուցիչը, այն էլ միջկառավարական, գա և անձամբ տեսնի այստեղ ինչ է կատարվում։ Եթե, օրինակ, ինչ-որ աշխատանքային խումբ է գալու՝ Արցախի հայրենակիցների իրավունքները պաշտպանելու, ու միայն Հայաստան է գալու, ես ձեզ ասեմ, կարիքը չկա, որ նրանք գան։ Պետք չի, որ գան։ Մենք այստեղից առանց այդ էլ ամեն ինչ ուղարկում ենք։ Իրենք պիտի գան Արցախ, գնան, տեղում ուսումնասիրեն, խոսեն մարդկանց հետ, հասկանան ինչ է կատարվում։ Որովհետև հետո հայտարարություններն են արվում, որ՝ ափսոսում ենք, ստանում ենք տեղեկություններ, բայց չենք կարող հաստատել, որովհետև չենք կարող գնալ։ Այդքան ասում ենք՝ եկեք։ Ընդ որում, այդ հայտնի սկզբունքը, որ ամենաբարձր տեղերից միշտ հայտարարվում է՝ ոչ մեկ չի կարող լինել եզրագծից այն կողմ, և որևէ մի իրավունք չի կարող անտեսվել։ Սեպտեմբերի 27-ից սկսած՝ մենք անընդհատ անում ենք հայտարարություններ, որ ավերածություններ են տեղի ունենում, մարդիկ են սպանվում, վիրավորվում են, որևէ միջազգային կառույց չի այցելում, և հանկարծ էն մյուս կողմից, մենք տեսանք ինչ արձագանքի արժանացավ, երբ Ադրբեջանում ներկայացված կառույցներն էին այցելում էնտեղ․․․ Ակնհայտ է, որ մարդկանց մոտ էդ խտրականության պատկերացումը լինում է։ Եվ ակնհայտ է, որ քաղաքական պատճառները այդ բարձր մակարդակում գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ այս կոնկրետ իրավիճակում։ Արցախ չայցելելը այս պայմաններում նաև վտանգում է միջազգային կառույցների հեղինակությունը։ Տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա։

«Ազատություն»․ - Գերիների մասին խոսելիս Ձեր ներկայացրած դեպքերից մեկը, երբ հայ զինվորական գլխատվել էր․․․ Եթե նա գերության մեջ էր եղել, ինչպե՞ս է ստացվել, որ դեռ մնացել է զինվորականների մոտ, այսինքն՝ քաղաքական ղեկավարությանը չի հանձնվել։

Թաթոյան․ - Ադրբեջանում ատելության մակարդակը այնքան բարձր է, պետական աջակցություն վայելող ատելության, որ չեմ տեսնում տարբերություն քաղաքական իշխանությանը հանձնվել-չհանձնվել և այլն։ Էլի կային դեպքեր դաժան վերաբերմունքի, որ մենք ստիպված հրապարակում ենք, որ նաև այդ ազդեցությունը միջազգային առումով և այլն լինի։ Եվ շատ կարևոր է, որ մենք այս ապացույցները եթե վերցնենք, նույն Հադրութի գնդակահարության դեպքը, ակնհայտ ահաբեկչական մեթոդներով սպանություն է, հանցավոր մտադրությամբ հատուկ իրագործվող արարք է։ Երբ մենք այս գործոնները ուսումնասիրում ենք՝ թիրախային հրթիռակոծումներ, արգելված զինատեսակներ, ահաբեկիչների առկայություն, զանգվածային, մեծածավալ ատելության խոսք, ակնհայտ է, սա ցույց է տալիս, որ Արցախի բնակչության նկատմամբ այս գործողությունները նպատակ ունեն էթնիկ զտում իրականացնել՝ կիրառելով ահաբեկչական մեթոդներ։

«Ազատություն». - Ադրբեջանի օմբուդսմանի մասին: Արդյո՞ք փորձ արվել է կոնտակտ հաստատել՝ զուտ հումանիստական նկատառումներով համագործակցելու, կամ գուցե միջնորդ կազմակերպության միջոցով...

Թաթոյան. - Ես միշտ էլ հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում, որ ես պատրաստ եմ, ինչ խնդիր կա, հանդիպելու, քննարկելու՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, բայց պարտադիր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էլ պետք է մասնակցի, կամ, եթե ուզում է Արցախի հարցերը քննարկի, պետք է հանդիպի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև Արցախում ինքն է փաստահավաք աշխատանք կատարում: Բայց գիտե՞ք ինչ կա, ես մի անգամ Ազգային ժողովում, մեր պատգամավորներից մեկը հարց տվեց՝ էս նույն հարցը, վերջերս, վերջին իմ զեկույցի ժամանակ, ես ասացի՝ պատրաստ եմ: Գիտե՞ք ինչ էր եղել դրա հիման վրա. էդ մի, ընդամենը որ պատրաստակամությունը հայտնեցի, Ադրբեջանի օմբուդսմանը ուրեմն մի հատ մեծ հայտարարություն էր տարածել, որ ես էժանագին իբր թե շոու եմ կազմակերպել պառլամենտում և այլն, և ասել էր, նախապայմաններ էր թվարկել իմ հետ հանդիպման, ասել էր՝ «ես կքննարկեմ հանդիպման հնարավորությունը, եթե Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը իր իշխանություններին, Կառավարությանը ասի՝ «ազատեք օկուպացված տարածքները»: Նախ այնպես չի, որ ես ամեն օր չեմ քնում՝ սպասում եմ, թե ես երբ պիտի հանդիպեմ իրեն, մեկ, և երկրորդը՝ սա ի՞նչ բան է, ես իմ միջազգային գործընկերներին էնպիսի խիստ նամակ գրեցի՝ իր հետ կապված, ասացի, որ ակնհայտ քաղաքական նախապայմաններ է առաջ քաշում մարդու իրավունքների հաստատությանը հանդիպելու համար:

Ավելին՝ երբ Ռամիլ Սաֆարովին տեղափոխել էին Ադրբեջան, Ադրբեջանի օմբուդսմանը՝ նախորդը, այցելեց Ռամիլ Սաֆարովին Բաքվում և, Եվրոպական դատարան Գուրգեն Մարգարյանի գործով ներկայացրել էի, ասաց, որ Ռամիլ Սաֆարովը պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի երիտասարդության համար: Սա ասում է Մարդու իրավունքների հանձնակատարը, որը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, նպաստել խաղաղությանը, և այլն:

Բայց, ամեն դեպքում, ես իմ միջազգային գործընկերներին ասել եմ՝ ինչ խնդիր կա, մենք էնքան անկախ կառույց ենք, մենք, մարդու իրավունքների հարցեր են, այո, պատրաստ ենք հանդիպել, ոչ մի խնդիր չկա: Բայց կանոններ կան՝ ոչ մի քաղաքական նախապայման չի լինելու, և երկրորդը՝ պետք է նաև, եթե մարդու իրավունք է՝ մարդու իրավունք է, էստեղ չկա քաղաքականություն, պետք է հանդիպի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG